
Շատ դեպքերում ես հոգնում եմ նման համաժողովներից, բայց մյուս կողմից էլ կարևոր է, որ անընդհատ խոսվի ցեղասպանությունների մասին: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Ռուանդայի ներկայացուցիչ Էսթեր Մուջավայոն: Նա նշեց, թե շատ խոսելով ցեղասպանությունների մասին` մարդկանց գիտակցության մեջ էլ մտնում է, որ կարելի է կանխարգելել դրանք: Նա ընդգծեց, թե քաղաքական տեսանկյունից պետք է այնպես անել, որ դրանք կանխարգելվեն:
Այն հարցին, թե կան նմանություններ հայերի և ռուանդացիների միջև, նա պատասխանեց. «Նմանությունը նրա մեջ է, թե ինչպես են վերաբերվել մարդկանց: Հայերը եղել են թուրքերի տիրապետության տակ, և հայերին վերաբերվել են ոչ թե որպես հայ, այլ մարդկանց վերաբերվել են որպես կենդանիների: Այդպես եմ նմանությունը տեսնում: Նմանությունն այն է, որ մենք ցավն անցել ենք և շարունակում ենք ապրել», – նշեց նա:
Ռուանդայի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ նման ֆորումների անցկացումը մեկ քայլ առաջ կտանի Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: