ԲԱՆԳԼԱԴԵՇՑԻ ԿԱՆԱՆՑ «ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ» ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող մի գործով անցնող ամբաստանյալները բանգլադեշցի երեք կանայք են, որոնք ուղղակի դատարկել են արմավիրցի եւ վանաձորցի կանանց պայուսակներն ու գրպանները:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Երեւանի ՀԱԹ-ի բնակիչներ Սեդա Մելքոնյանը, Սուսաննա եւ Հասմիկ Սարգսյաններն իրենց գործունեությունը սկսել են անցյալ տարվա «սոված ամսից»՝ փետրվարից, եւ շարունակել եւս երկու ամիս: Նրանք սկսել են Արմավիրից: Փետրվարի 20-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Սեդան, Սուսանն ու Հասմիկը նախնական պայմանավորվածությամբ մտել են Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի «Բարեւ» խանութ, բարեւ տվել ու անցել գործի. Սեդան ու Հասմիկը սկսել են շեղել խանութում գտնվող քաղաքացիների ուշադրությունը՝ կանգնել արմավիրցի Անուշի կողքին, որի ընթացքում Սուսաննան Անուշի վերարկուի աջ գրպանից գաղտնի հափշտակել է դրամապանակը, 115 ԱՄՆ դոլար, 10 հազ. դրամ եւ 490 հազ. դրամ արժողության ոսկյա զարդեր՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի համարվող 540 հազ. դրամի ընդհանուր գույքային վնաս:
Առաջին հաջող փորձից հետո եռյակը տեղափոխվել է Վանաձոր: 2011թ. մարտ ամսին՝ ժամը 13:30-ի սահմաններում՝ Վանաձորի Գր. Լուսավորչի 50 հասցեում գտնվող մթերային շուկայում գնումներ կատարելու ժամանակ, Սեդան կանգնել է վանաձորցի Ալվարդի կողքին, որից օգտվելով՝ Սուսաննան Ալվարդի ձեռքի պոլիէթիլենային տոպրակի միջից հափշտակել է 2000 դրամ արժողության դրամապանակը՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 15 հազ. դրամի գույքային վնաս:
Մարտի 26-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ոչ ծերունի «կին-ավազակները» Վանաձորի Մյասնիկյան 2-ա հասցեում գտնվող հագուստների շուկայում գնումներ կատարելու ժամանակ հաջողացրել եւ նույն դերաբաշխմամբ Արմինեի պայուսակից գաղտնի հափշտակել են 20 հազ. դրամ արժողության դրամապանակը 1 մլն 400 հազ. դրամ պարունակությամբ` վերջինիս պատճառելով ընդհանուր 1 մլն 420 հազ. դրամի գույքային վնաս:
Ապրիլի 6-ին՝ օրը ցերեկով էլ, «մաքրել են» Վանաձորի Գր. Լուսավորչի 50 հասցեում գտնվող մթերային շուկայի տաղավարում գնումներ կատարող Անուշի պայուսակը. գաղտնի հափշտակել են Անուշի 3000 դրամ արժողության դրամապանակը՝ 26.800 դրամ, 1 ԱՄՆ ղոլար` վերջինիս պատճառելով ընդհանուր 30.169 դրամի գույքային վնաս:
2011թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում էլ, նույն քաղաքի Գր. Լուսավորչի փողոցում Սեդան, Սուսանն ու Հասմիկը «մաքրել» են Քրիստինեի պայուսակը, հափշտակել 800-դրամանոց դրամապանակը 5000 դրամ պարունակությամբ, նրա սոցիալական քարտը եւ «Պրոկրեդիտ» բանկի հաշվեհամարի 3 քարտերն իրենց պարունակությամբ:
Իսկ ապրիլի 30-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, եռյակը մտել է Վանաձորի Գր. Լուսավորչի փողոցում գտնվող «Եվրոպական հագուստ»-ի խանութ եւ հափշտակել Էմմայի դրամապանակը 23.700 դրամ եւ 67.850 դրամին համարժեք 5000 ՌԴ ռուբլի պարունակությամբ` վերջինիս պատճառելով ընդհանուր 92.050 դրամի գույքային վնաս: Նույն օրը  եռյակը հետեւել է նույն փողոցի «Տիգրան Արմեն» մթերային խանութի հաճախորդ Էմմային եւ նրա մոտից տարել մոտ 6000 դրամ եւ «ՎՏԲ Հայաստան» բանկի պլաստիկ քարտը եղած պարունակությամբ:
Բայց խմբի անդամներից Հասմիկը մի դրվագով առաջ է ընկել գործընկերուհիներից. մի գողություն էլ 3 տարի առաջ է կատարել՝ 2008թ. օգոստոսի 7-ին, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Դանիելյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող խանութում. Լոռու մարզի Սարամեջ գյուղի բնակչուհի Թերեզայի պայուսակից գաղտնի հափշտակել է 800 դրամ արժողության դրամապանակը 254 հազ. դրամ պարունակությամբ:
Հ.Գ. Հարգելի՛ վանաձորցի եւ արմավիրցի կանայք, մինչ դատարանը կորոշի նրանց մեղավորությունը, զգուշացե՛ք բանգլադեշցի Սեդայից, Հասմիկից եւ Սուսանից, քանի որ նրանք ստորագրությամբ բաց են թողնվել:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս