«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել Երեւանի Նար-Դոսի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչներից: Նրանք մեզ պատմեցին, որ իրենց տան հարեւանությամբ կառուցվող էլիտար շենքի շինարարական աշխատանքները շատ են խանգարում տեղի բնակիչների հանգիստը: «Ոչ միայն խանգարում է, այլեւ շենքից անզգուշաբար արմատուրաներ են ընկնում հենց մեր բակերում: Չգիտենք, թե ինչ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ»,-դժգոհեցին նրանք:
Նոր կառուցվող էլիտար շենքը գտնվում է Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքում, իսկ շենքի հետնամասը` նույն փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչների հարեւանությամբ: Նրանք պարզ տեսնում են, թե ինչպես են իրականացվում շինաշխատանքները:
Բնակիչներից մեկը` Աղավնի Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Լվացք չեմ կարողանում փռել, որովհետեւ փոշին նստում է վրան: Ափսեները լվանալու ժամանակ մեկ էլ բանվորներից մեկը ձայն է տալիս, թե այդտեղից հեռու գնա, մենք գործ ենք անում, հանկարծ բան չընկնի քո վրա: Արմատուրաներն էլ ընկնում են բակիս մեջ: Մի օր հարեւանուհուս թոռնիկը ինձ մոտ էր: Երբ գործերս վերջացրի, մի ներքին ձայն ինձ հուշեց, թե երեխայի ձեռքից բռնեմ ու գնամ դուրս: Հենց ուզում էինք տանից դուրս գալ, մի շրխկոց լսեցի: Շրջվեմ տեսնեմ ի՞նչ: Երկաթե արմատուրան ընկավ հենց այն տեղը, որտեղ Լեւոնիկի հետ կանգնած էինք: Բանվորները եկան, հավաքեցին, որ ոստիկանությանը չահազանգեմ: Աստված իմ, ասի՝ էս ոնց փրկվեցինք: Ի՜նչ օրեր են դրել մեր գլխին, ու արդեն 6 տարի է: Չգիտեմ, թե ինչ անեմ: Տղաս էլ ուզում է ամուսնանալ, բայց ո՞նց, հարսին ո՞ւր բերեմ նստացնեմ»:
Հարեւանուհիներից մեկն էլ նկատեց, որ Քնարը` իրենց նախկին հարեւանուհին, «էդ դարդից է մահացել»: «Ամբողջ օրը աղմկում են, կեսօրին չեմ կարողանում քնել, հանգստանալ, հյուրեր չեմ կարողանում ընդունել: Մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս ամենը: Չեն էլ գալիս ասում, թե կներեք, որ անհանգստացնում ենք: Ախր 6 տարի է…»,-դժգոհեց մյուս հարեւանուհին, որը չցանկացավ ներկայանալ:
Տիկին Աղավնին մեզ պատմեց, որ անցած շաբաթ օրը վաճառված բնակարանների սեփականատերերը հավաքվել էին շենքի բակում եւ բարձրաձայն դժգոհում էին, թե շենքի կառուցումն ինչու է այսքան ուշանում. «Շենքի սեփականատերերը պահանջում են վճարել նաեւ գումարի մյուս մասը, որպեսզի ավելի արագացնեն շինաշխատանքները: Սակայն տանտերերը չեն համաձայնել` պատճառաբանելով, որ գումարը կտան այն ժամանակ, երբ անզեն աչքով տեսնեն կառուցված շենքը»:
Բնակիչները զրույցի սկզբում վստահեցրին, որ շենքը իրականում պատկանում է Խաչատուր Սուքիասյանին. «Հաստատ եմ ասում ձեզ: Բայց գիտե՞ք, թե քանի անգամ եմ սկեսուրիս հետ գնացել Սարոյի մոտ այս թեմայով: Իսկ հիմա Խաչիկն է զբաղվում դրանով: Նախկինում մի պրարաբ կար` Արման անունով:
«Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից տեղեկացանք, որ խնդրո առարկա շենքը կառուցում է անհատ ձեռներեց Լեւոն Մնացականյանը. «Միայն Լեւոն Մնացականյանը «Հայէկոնոմ» բանկից վարկ է վերցնում` շինաշխատանքները իրականացնելու նպատակով: Սուքիասյանները կապ չունեն այս էլիտար շենքի հետ»: Խոսնակի կարծիքով՝ բնակիչները չափազանցնում են: Ընդամենը «Հայէկոնոմ» բանկը պատկանում է Սուքիասյաններին:
Ինչեւէ, զրուցեցինք նաեւ «Լեւոն Մնացականյան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արգիշտի Սաֆարյանի հետ, որը նույնպես հավաստիացրեց, թե Սուքիասյանները կապ չունեն այս շենքի հետ, ավելին. «Լեւոն Մնացականյանը Սուքիասյանների հետ ոչ մի բարեկամական հարաբերություն չունի»:
Ըստ Սաֆարյանի՝ բնակիչների բողոքն ունի ենթատեքստ: «Մենք մի քանի հազար անգամ հանդիպել ենք բնակիչների հետ եւ փորձել ընդհանուր հայտարարի գալ: Այսինքն՝ մենք նրանց առաջարկում էինք վաճառել իրենց տները, սակայն նրանք իրենց վթարային վիճակում գտնվող տներին այնպիսի գներ էին նշանակում, որ անիմաստ էր մտածել այդ ուղղությամբ: Այդ տները դարն ապրած են: Առաջ մեր առաջարկները չէին ընդունում, իսկ հիմա այս ճանապարհով են փորձում վաճառել: Թող գնան, անշարժ գույքի գործակալության միջոցով գնահատեն իրենց տան արժեքը: Եւ միայն խելամիտ առաջարկի դեպքում կարող ենք մի հայտարարի գալ նրանց հետ»,-ասաց կառուցապատողի ներկայացուցիչը:
Տեղեկացանք նաեւ, որ սեփականատերերը բնակարանները գնել են հիփոթեքային վարկերի միջոցով. «Նրանցից ոչ մի բողոք չկա»: Սաֆարյանի խոսքերով՝ բնակարանների 90 տոկոսը վաճառված է, եւ մինչեւ տարվա վերջ դրանք կհանձնվեն շահագործման: Այդ բնակարանների սեփականատերերից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ արդեն վաճառում է իր բնակարանը. «Այո՛, վաճառում եմ: Քույրի՛կ ջան, ես արդեն վերջացրել եմ իմ հարցերը: Չէ՛, ի՞նչ Լեւոն Մնացականյան, ի՞նչ Սուքիասյան: Ուրիշ ֆիրմայի հետ եմ գործարք արել: Իրենց չեմ ճանաչում»:
Դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանին՝ ճշտելու՝ էլիտար շենքի կառուցումն անօրինական է, թե ոչ. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը 5 տարի շարունակ անօրինականություն թույլ տա, եւ ինչ-որ մարդիկ դրա վրա աչք փակեն: Հնարավոր չէ, այն էլ Նար-Դոսի փողոցում, որը կենտրոն է»:
ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԷԼԻՏԱՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ