Վրաստանի ԿԸՀ-ի կողմից հրապարակած նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 53,34 %-ը, իսկ իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը` 41,56 %-ը: Սահակաշվիլին էլ ընդունել է իր պարտությունը:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանում կայացած ընտրությունները: Ի՞նչ սպասելիքներ ունեք Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած կուսակցությունից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն, ինչ կատարվեց Վրաստանում, վառ օրինակ էր: Երբ Սահակաշվիլին «վարդերի հեղափոխությամբ» եկավ իշխանության, նոր շունչ բերեց իր հետ. վերացրեց կոռուպցիան ոստիկանության, դատաիրավական համակարգում եւ այլ բազմաթիվ բարեփոխումներ իրականացրեց այդ երկրում: Սակայն Սահակաշվիլու վրիպակն այն էր, որ չկարողացավ կարգավորել ռուս-վրացական հարաբերությունները, եւ պատերազմի արդյունքում Վրաստանի տնտեսությունը փաստացի կանգնած էր` նկատի ունեմ գինեգործությունը, հանքային ջրերի ոլորտը: Իսկ այսօր կարելի է շնորհավորել վրաց ժողովրդին, քանի որ տարածաշրջանում իշխող ուժը լեգիտիմ ճանապարհով շնորհավորեց ընդդիմության հաղթանակը: Մեր տարածաշրջանում նման բան չի եղել. Ադրբեջանի մասին կարելի է չասել, եւ առհասարակ, Հայաստանում էլ նման բան չի եղել: Մենք պետք է օրինակ վերցնեք այդ երկրից եւ ժողվորդից ու կարողանանք հասնել այդ մակարդակին: Հակառակ դեպքում տանուլ կտանք:
քաղաքագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Սահակաշվիլու ժամանակն արդեն ավարտվել էր, եւ ուղղակիորեն իշխանության նորմալ փոխանցում կատարեցին: Որքանով ես գիտեմ, արտաքին քաղաքական վեկտորում Բիձինա Իվանիշվիլին կատեգորիկ փոխել դեռ չի ուզում, բայց որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները բավական կկարգավորվեն, փաստ է, ինչը մեզ համար շատ լավ է: Հիմա մի քիչ սպասել է պետք: Նկատենք, որ միակ տարածքը, որտեղ Իվանիշվիլին պարտվել է, Ջավախքն է եղել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի խորհրդականը կամ, չգիտեմ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը քառակուսի որոշում են կայացրել այս պարագայում: Հասկացանք, որ Ս. Սարգսյանի հետ Սահակաշվիլու հարաբերությունները լավ էին, բայց իրավիճակը վերլուծել էր պետք: Ասեմ, որ Վրաստանի ընդդիմության հաղթանակում պատճառ կա` առաջինը փողն է, իսկ երկրորդը՝ այն փաստը, որ Վրաստանում կայացած ժողովրդավարություն գոյություն ունի: Եթե այդ փողերի կեսը մեր ընդդիմության ձեռքը լիներ, մեզ մոտ վաղուց ամեն ինչ փոխված կլիներ:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ