Տարվա սկզբից Գյումրու տարբեր թաղամասերում Շիրակի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ եւ գերմանական KFW վարկային ծրագրի շրջանակներում անցկացվում են նոր ջրագծեր: Դրանց անցկացումն իր հետ բերում է քանդված, ավերված, չոր եղանակներին փոշու ու ավազի, իսկ անձրեւներին էլ ցեխի մեջ կորած ու անանցանելի փողոցներ: Այս ծրագիրն իրականացվում է մի քանի փուլով՝ իր մեջ ներառելով ամբողջ քաղաքը, որը բաժանված է 4 ճնշումային գոտիների:
«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տեխնիկական գծով տնօրեն Արշալույս Ավդալյանի տեղեկացմամբ՝ արդեն ավարտին են մոտենում քաղաքի մի քանի թաղամասերը եւ կենտրոնն ընդգրկող ճնշումային գոտիներից մեկի աշխատանքները: Պատասխանատուների վստահեցմամբ՝ աշխատանքների ավարտից հետո փողոցները կբերվեն նախնական տեխնիկական վիճակին, եթե եղել են ասֆալտապատ, ապա նորից կասֆալտապատվեն, եթե խճապատ, կխճապատվեն: Աշխատանքներն իրականացվում են «Դորոժնիկ» ընկերության կողմից, որը հաղթել է հայտարարված մրցույթում:
Փողոցները նախկին տեսքի բերելու հարցում պատասխանատուները, այնուամենայնիվ, չեն շտապում՝ պատճառաբանելով, որ հողի նստեցման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ չնայած արհեստական նստեցում իրենք եւս կատարում են: Նախորդ տարի նմանատիպ մի փորձ ունեցել են, երբ ջրագծի անցկացումից անմիջապես հետո ասֆալտապատել են փողոցն ու կանգնել խնդրի առաջ. անձրեւների եւ գարնան հալոցքների ժամանակ հողը նստվածք է տվել, եւ այդ ամբողջ հատվածը հիմա ենթակա է կրկնակի վերանորոգման: Այդ իսկ պատճառով հիմա չեն շտապում:
Չնայած բնակիչներին շարունակ խոստանում են փողոցները բերել նախկին տեսքին, ու ջրագծերի անցկացմանը զուգահեռ բարեկարգման ինչ-որ աշխատանքներ արվում են, այնուամենայնիվ, բնակիչները բողոքում են քաղաքում ստեղծված այս իրավիճակից: «Մի հատ քամի եղավ, դուրս գալ չենք կարող, փոշու մեջ կորում ենք: Մտահոգությունս ավելի շատ կապված է երեխաներիս հետ, որոնք մինչեւ գնում գալիս են դպրոց, շորերն ու կոշիկները փոշու մեջ կորում են, էլ չեմ ասում, որ բակում խաղալու հնարավորությունից են զրկվել»,-ասում է քաղաքի կենտրոնին հարող փողոցներից մեկի բնակիչ Սուսաննան:
Փողոցների բարեկարգման հստակ ժամկետ Ա. Ավդալյանը չնշեց, բայց ասաց, որ կենտրոնական փողոցներն այս տարի պարտադիր կասֆալտապատվեն, եւ արդեն իրականացվում են խճապատման աշխատանքներ: Ի դեպ, նշենք, որ այս ծրագիրը, որն ընդգրկում է Շիրակի մարզի 36 համայնքներ եւ երկու քաղաքներ՝ Գյումրին ու Մարալիկը, նախատեսված է ամբողջությամբ ավարտել 2015թ.-ին:
Գյումրի