ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՈՍԿԵՊԱՐԻ ՈՒ ՍԵՎՔԱՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. մարտի 19-ին Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի զեկուցագրի հիման վրա մարզպետ Արմեն Ղուլարյանը դպրոցի 9 տարվա տնօրեն Նվեր Բեգլարյանին ազատել է տնօրենի պաշտոնից: Մարզպետի որոշմամբ մարտի 24-ին Ոսկեպարի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի զինղեկ Հարություն Ալավերդյանը:
Ն. Բեգլարյանն ասում է, որ եթե անբավարար աշխատանքի պատճառով են իրեն պաշտոնից ազատել, ինչո՞ւ տնօրենի պաշտոնակատար չի նշանակվել դպրոցի ուսմասվարը կամ դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը (երկուսն էլ ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն), այլ նշանակվել է մանկավարժական կրթություն չունեցող զինղեկը, որը չունի նաեւ դպրոցի տնօրեն աշխատելու համար անհրաժեշտ հավաստագիր: Բացի այդ, տնօրենի ԺՊ նշանակվելու պահին Հ. Ալավերդյանը եղել է դպրոցի կառավարման խորհրդի նախագահը եւ որպես խորհրդի անդամ՝ իրավունք չուներ տնօրենի պաշտոնակատար նշանակվել:
«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի թիվ 319-Ն որոշման 3-րդ կետով սահմանված է, որ դպրոցի կառավարման խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում՝ հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում եւ անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Ա. Փաշինյանն ամիսներ առաջ մեզ հավաստիացրել էր, որ Ոսկեպարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելուց հետո եռամսյա ժամկետում կկայանա մրցույթ տնօրենի թափուր տեղի համար: Անցել է ավելի քան 6 ամիս, սակայն մրցույթն այդպես էլ չի կայացել: Իսկ այդ ընթացքում տնօրենի ԺՊ, զինղեկ Հարություն Ալավերդյանն իր կնոջը, որը սարքաշինական տեխնիկում է ավարտել, հայոց լեզու առարկայի դասաժամեր է տվել. նա շաբաթական 5 ժամ մայրենի լեզու է դասավանդում 7-րդ դասարանում:
Վատ վիճակում է հայտնվել նաեւ ժամանակին կրթության ոլորտում մեծ համբավ ունեցած Սեւքարի դպրոցը: Այս տարվա սկզբին, իր դիմումի համաձայն, հրաժարական էր տվել Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Սամվել Ճաղարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 2012թ. փետրվարի 1-ի որոշմամբ Սեւքարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակել այդ դպրոցի ուսուցչուհի Մարուսյա Բալասանյանը: Նախկինում Սեւքարի բնակիչները մեզ հայտնել էին, որ գյուղի դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Թանանյանն իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու պահանջով դպրոցում եւ գյուղում ստորագրություններ է հավաքում: Սեւքարի բնակիչներն ասացին, որ Ն. Թանանյանն այժմ քննություններ է հանձնում դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու արտոնագիր ստանալու նպատակով: Նշենք, որ նա մանկավարժական կրթություն չունի:
Սեւքարի միջնակարգ դպրոցից հայտնեցին, որ ԿԳՆ աշխատակիցների բազմաթիվ ստուգումներով Ն. Թանանյանի կողմից քիմիայի դասավանդումը բացասական է գնահատվել: Սեւքարի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար նախկինում մեկ անգամ մրցույթ է հայտարարվել, դրան ներկայացել է մի հոգի, սակայն  իրապես գնահատելով տնօրեն ընտրվելու իր սակավ հնարավորությունները՝ չի մասնակցել մրցույթին: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարուսյա Բալասանյանն ասաց, որ ինքը դպրոցի տնօրեն ընտրվելու համար համապատասխան ուսուցում եւ արտոնագիր ստանալու գործընթացին չի մասնակցել, քանի որ, ըստ օրենքի, լինելով տնօրենի պաշտոնակատար, մինչեւ 65 տարին լրանալը դեռեւս 2 տարի եւ 2 ամիս կարող է աշխատել: Սեւքարում խոսակցություններ են տարածված, որ Ն. Թանանյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու հարցը վճռված է, քանի որ Տավուշի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյան դրա համար «դաբրո» է տվել: Սեւքարցիները մեզ ասացին, որ Ն. Թանանյանի ամուսինը, որն Իջեւանում ավտոպահեստամասերի խանութ ունի, գյուղում հայտարարել է, թե իր կնոջ՝ տնօրեն նշանակվելու հարցն արդեն լուծված է: Նշենք, որ սեպտեմբերից իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ Սեւքարի դպրոցի ուսմասվար Հասմիկ Հովսեփյանը, ուստի ուսմասվարի տեղը եւս թափուր է:
Բազմիցս փաստերով հայտնել ենք, որ Տավուշի մարզի դպրոցներում խախտվում է տնօրենների պաշտոնակատարների նշանակման կարգը, սակայն մեր հրապարակումներն անարձագանք են մնացել ԿԳՆ-ի կողմից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս