ՎԵՐԱԴԱՐՁՐՈ՛Ւ ԱՇԽԱՏԱՆՔՍ, ԳՅՈՒՂԱՊԵ՛Տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի բնակիչ Անժելա Հարությունյանը մեղադրում է գործող գյուղապետ Սուլիկո Շուշանյանին իրեն անհիմն աշխատանքից ազատելու եւ 1 տարվա աշխատավարձի յուրացման մեջ: Գյուղապետն էլ «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Հարությունյանին համարեց «զրպարտիչ» եւ մեղադրեց «պետական գույքի հափշտակման մեջ»:
Ա. Հարությունյանը 1993թ. նշանակվում  է Կրասնոսելսկի շրջանի Շորժա գյուղի մշակույթի տան ղեկավար: 1996թ. Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունքում մշակույթի տունը գործադիր կոմիտեից տեղափոխվում է գյուղապետարանի ենթակայության տակ: 1997թ. համայնքապետի պաշտոնում ընտրվում է գործող գյուղապետ Սուլիկո Շուշանյանը: Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերջինս իր փոխարեն մշակույթի տան ղեկավարի պաշտոնում նշանակում է իր բարեկամին, իսկ իրեն առանց հիմքի ազատում աշխատանքից:
Հարությունյանը նշում է, որ այդ տարիներին մշակույթի տան աշխատակիցների համար սովորական երեւույթ էր դարձել աշխատավարձերի ուշացումը: «1997թ. սկզբին՝ շատ երկար ժամանակ, փող չկար: Ստիպված եղա ուշացման համար հետաքրքրվել բանկում: Պարզվեց, որ ոչ մի օր չի անցել աշխատավարձի դուրսգրման պահից: Ես կրկին աշխատավարձ ստանալու հույսով դիմեցի Ս. Շուշանյանին: Նա էլ, որպեսզի ինձ գումար չտա եւ միաժամանակ մնա անմեղ, որոշեց ինձ մեղադրել մշակույթի տան գույքի անսարքության եւ փչացման մեջ եւ պահանջեց վնասը փոխհատուցել»,-«Ժողովուրդ»-ին հասցեագրված նամակում նշում է Ա. Հարությունյանը: Վերջինս, վստահ լինելով, որ գյուղապետն իր աշխատավարձը յուրացրել է, դիմում է դատախազություն:
«Այդ գործը կարճվել է հանցագործության փաստերի բացակայության պատճառով: Սակայն մենք կնոջը չենք կարողանում այդ որոշման պատճենը տրամադրել, քանի որ դրանք արխիվացվել են, ապա լրացել է դրանց պահպանման ժամկետը, եւ սահմանված կարգի համաձայն՝ դրանք  ոչնչացվել են»,-մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց  ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ հետաքննիչ Սամվել Խաչատրյանը:
Իսկ գյուղապետը մեզ հետ հեռախոսազրույցում անընդհատ կրկնում էր, որ Անժելան երբեք էլ իր աշխատողը չի եղել, եւ ինքը պարտավոր չէր նրան գումարներ վճարել: Ս. Շուշանյանը նշում էր, որ ՏԻՄ-երի ձեւավորումից հետո իրենք չեն համարվում ՀՀ գործադիր կոմիտեի իրավահաջորդը, ուստի Հարությունյանի «աշխատել-չաշխատելու» հարցն իր հայեցողության տակ չէր: Այնուհետեւ, մեր համառ հարցապնդումներին տեղի տալով, գյուղապետն անկեղծացավ`  ասելով. «Չեմ վստահել, աշխատանքի չեմ վերցրել, ի՞նչ խնդիր կա: Նա, որ իմ այդքան արած լավությունները չհասկացավ, ես նրան չեմ կարող ընդառաջել»: Գյուղապետը նշեց, որ լուծել է Անժելայի ջրամատակարարման, գազամատակարարման հարցը: Իսկ թե ինչ նպատակ էին հետապնդում այս աջակցությունները, գյուղապետն իր ինքնատիպ բացատրությունն ուներ. «Դե, էստեղ-էնտեղ գրում է, դա նրա միակ փեշակն է, մարզպետն էլ հրահանգում է կնոջը ընդառաջել, դե ես էլ կատարում եմ»:
«Մինչ այս պահը ես չեմ ստացել իմ աշխատանքի հեռացման հրամանը, իսկ դատախազն իր հայրենակցի հանցագործությունը թաքցնելու համար չի տրամադրում այդ որոշումը, որը խոչընդոտում է իմ աշխատանքի վերականգնման հարցը: Դատախազությունը  գյուղապետի հետ համատեղ կասեցնում է իմ բոլոր բողոքները»,-գրում է Հարությունյանը:
Ինչեւէ, Ա. Հարությունյանի պահանջը գյուղապետից ոչ թե ֆինանսական աջակցությունն է, այլ բարոյական վնասի փոխհատուցումն աշխատանքը վերականգնելու միջոցով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս