Զոհված զինծառայող Ալբերտ Արամի Հարությունյանի հայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՊՆ-ն չի փոխհատուցում իր սրտի վիրահատության վճարը` պատճառաբանելով, որ վերջինս չի սպասարկվել համապատասխան բուժհաստատությունում:
Երեւանի Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի 10-րդ բնակարանի 58-ամյա բնակիչ Արամ Հարությունյանի որդին՝ Ալբերտը, 1998թ. զորակոչվում է Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս եւ երկու ամիս անց մարտական գործողությունների ժամանակ զոհվում: Զորամասից ծնողներին ներկայացնում են, որ Ալբերտը մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: «Ես շատ ծանր տարա որդուս մահը եւ սրտի հիվանդություն ստացա»,-ասում է Հարությունյանը:
2002թ. բժիշկները Արամ Հարությունյանի մոտ հայտնաբերում են սրտի առիթմիա: Լինելով զոհված զինծառայողի հայր եւ օգտվելով սահմանված արտոնություններից՝ վերջինս հետազոտվում է Նորք-Մարաշի «Առիթմիոլոգիական կենտրոն»-ում: Այնուհետեւ այդ կենտրոնը տեղափոխվում է «Էրեբունի» բ/կ: Հարությունյանը պարբերաբար հետազոտվում է նաեւ այս կենտրոնում: 2012թ. նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է: Նա դիմում է ՊՆ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար սահմանված արտոնություններից օգտվելու համար: 16.04.2012թ. ՊՆ-ն տալիս է համապատասխան տեղեկանք, որով պարտավորվում է հոգալ վերջինիս բուժման ծախսերը:
«Ինձ տվեցին հետազոտության եւ վիրահատության ուղեգիր, որտեղ հստակ գրված է, որ ինձ կտրամադրվի 2012թ. գործող պայմանագրի շրջանակներում ծառայության արժեքի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Իսկ մինչեւ 360 հազ. դրամի բուժծախսերը կհատուցվի նախարարության կողմից ամբողջությամբ»,-նշում է Հարությունյանը:
Մայիս ամսին Ա. Հարությունյանի առողջական վիճակը ծայրահեղ վատանում է, եւ նրան տեղափոխում են «Մալաթիա» բ/կ: Բժիշկները նշանակում են շտապ վիրահատություն, որից առաջ հրավիրում են հիվանդի հարազատներին եւ պահանջում 1 մլն 800 հազ. դրամ: Հարազատները բժիշկներին են ներկայացնում ՊՆ-ի վերոնշյալ տեղեկանքը: Սակայն բժիշկները հիմք չեն ընդունում տեղեկանքի առկայությունը եւ պահանջում են կանխիկ գումարը:
Վիրահատությունից ամիսներ անց Հարությունյանը կրկին դիմում է ՊՆ` փոխհատուցման պահանջով: Սակայն նրան պատասխանում են, որ նա չի վիրահատվել այն բուժհաստատությունում, որի հետ նախարարությունը պայմանագիր ունի:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՊՆ՝ տեղեկանալու, թե այս գերատեսչությունն արդյոք նախատեսում է փոխհատուցել Ա. Հարությունյանի բուժման ծախսերը եւ, եթե այո, ապա ինչով է պայմանավորված փոխհատուցման ուշացումը:
Մեզ պատասխանելու փոխարեն ՊՆ-ի ռազմաբժշկական վարչությունից զանգահարել են Արամ Հարությունյանին եւ տեղեկացրել, որ վերջինիս բուժծախսերի համար ՊՆ-ն նախատեսել է 500 հազ. դրամ, որը նա կստանա բուժծառայության ՀԴՄ կտրոնը ներկայացնելուց հետո:
ՄԵԾ ՓՈՂ՝ ՄԵԿ ԶԱՆԳՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ