Հոկտեմբերի 4-ին ամբողջ աշխարհում նշում են Կենդանիների համաշխարհային օրը: Այս տոնն ընդունվել է 1931թ. Միջազգային կոնգրեսում բնապահպանների շարժման մասնակիցների նախաձեռնությամբ:
Մեզանից շատերը, հավանաբար, ունեցել կամ գոնե ցանկացել են տանը որեւէ կենդանի պահել, իսկ թե հայտնիներից ով է ամենից շատ սիրում կենդանիներին ու քանի կենդանի է պահել, կիմանաք հենց հիմա:
Երգչուհի ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ իր կյանքի ընթացքում հասցրել է պահել ձուկ, թութակ, կատու, կրիա, շներ, ծովախոզուկ…
-Իմ առաջին կենդանին ինձ նվիրեցին, երբ 5 տարեկան էի, փոքրիկ ձուկ էր, բայց չեմ հիշում` նրա ճակատագիրն ինչ եղավ: Հետո իմ կատուն էր` Չուդան: Ինքը շատ պատահական հայտնվեց մեր տանը, մայրիկս էլ ասաց. «Էս չուդան որտեղի՞ց եք բերել», էդպես էլ անվանեցինք: Երբ մենք Վայքից տեղափոխվում էինք Երեւան, ես նրան սրբիչով փաթաթել էի ու հետս գաղտնի բերել քաղաք: Մի քիչ էլ այստեղ պահեցի, հետո կորավ: Կատվից հետո ունեցել եմ կրիա, որն ինձ նվիրել էր կենդանաբանական այգու տնօրենը, քանի որ այնտեղ բարեգործական համերգներ շատ եմ ունեցել: Կրիայի ճակատագիրը հիշում եմ. մի անգամ դրել էի դրսում՝ խոտերի մեջ, մի պահ հեռացա՝ նրան կերակրելու բան բերելու, երբ վերադարձա, էլ չկար, բակի ընկերներս հասցրել էին նրան տանել: Կրիային հաջորդեց ծովախոզուկը` Զուզու անունով: Ինքը ձագուկներ ունեցավ, բայց հետո սատկեց ծերությունից: Մենք էլ նրան մեկ այլ փոխարինող ծովախոզուկ բերեցինք, նա էլ ծերությունից սատկեց:
Հետո էլ իմ ծննդյան 20-ամյակին հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանն ինձ խոսող թութակ նվիրեց, ես նրան անվանեցի Բիբի: Բիբին տարբեր բառեր էր արտասանում: Մենք նրան որոշեցինք զույգել ու հարսնացու բերեցինք, ու այդ աղջիկ թութակը նրան գիշերը սատկացրել էր, չգիտեմ՝ ինչն էր պատճառը: Որոշեցինք նրան փոխարինող նոր Բիբի բերել, բայց նա էլ չդիմացավ մեր հարսիկի ձեռքը. ունեցավ նույն ճակատագիրը, ինչ նախորդը: Մի խոսքով, շատ անհաջող հարս էր (ծիծաղում է-Ե. Ռ.):
Հետո էլ շունիկ ունեցա: Իմ առաջին շունիկն իրա ոտքով էր եկել մեր տան առաջ: Դուռը բացեցի, տեսա՝ մի փոքրիկ ձագուկ մրսած նստել է մեր տան առաջ: Բերեցի տուն, կերակրեցի, լողացրի ու սկսեցի պահել, անվանեցինք Զուզու: Մի՛ զարմացեք, մեզ մոտ անունները պարբերաբար կրկնվում են (ծիծաղում է-Ե. Ռ.): Ժամանակի ընթացքում նա չափերով շատ մեծացավ ու արդեն անհնար էր նրան տանը պահել, տարանք գյուղ՝ մեր բարեկամի սեփական տուն: Հետո իմացա, որ իմ Զուզուն ձագուկների է սպասում, ինքս գնացի ու իմ ձեռքով գյուղում բաժանեցի ձագուկներին, հետն էլ ձայնասկավառակներ նվիրեցի:
Իսկ իմ ամենավերջին շունիկը Գուչին էր՝ պեկինես ցեղատեսակի, որն ինձ հայրիկիս ընկերը նվիրեց: Ես ահավոր հուզվում եմ, երբ հիշում եմ Գուչիին, նրան դժբախտ դեպք պատահեց, ու նա սատկեց, ինչը ես շատ ծանր տարա: Ուրախ եմ, որ ես նրան այդ վիճակում չեմ տեսել, ինքն իմ հուշերում մնաց իր չարաճճի կերպարով: Մենք նրան միշտ վզկապով ենք տնից դուրս հանել, այդ օրը ես մրցանակաբաշխության էի, նա փախել էր տնից, եղբայրս փորձել էր նրան բռնել, բայց չէր կարողացել: Վազել էր ու ընկել մեքենայի տակ: Ես այդ լուրն իմացա մրցանակաբաշխության ավարտից հետո, ահավոր հուզվել էի:
-Ինքնե՞րդ եք խնամել կենդանիներին, թե՞ օգնել են:
-Ինչքանով հասցրել եմ, խնամել եմ, սակայն ընտանիքս էլ էր օգնում: Գուչին իսկապես իմ երեխան էր, երբ նրան բերեցին, ընդամենը 3 ամսական էր, նրան երեխայի պես պահել եմ, գիշերները վեր էի կենում, կերակրում: Շատ կապված էի հետը ու շատ էլ երես էի տվել, շատ համով մռութիկ ուներ: Նա ինձ հետ նկարահանվել է նաեւ տարբեր ֆոտոսեսիաներում, տեսահոլովակում:
-Շատ աղջիկներ իրենց ընտանի կենդանիներին հատուկ հագուստներ են հագցնում: Դո՞ւք էլ էիք այդպես անում:
-Ճիշտն ասած, ես սկզբում գիտեի, թե իմ շունիկն աղջիկ է լինելու, որոշել էի անունը Դեյզի դնել: Ու միշտ երազել եմ, որ թիթիզ շունիկ ունենամ, տարբեր հագուստներ հագցնեմ, հետս տեղ տանեմ, բայց պարզվեց՝ տղա է: Համարյա մեկ օր անուն չուներ, մինչ մտածեցինք՝ ինչպես կոչել: Պեկինես ցեղատեսակի տղաները շատ կծան են, իմ շունիկն էլ չափազանց կամակոր էր: Երբ սկզբում փոքր էր, կարողանում էի նրան շորեր հագցնել, բայց երբ մեծացավ, սկսեց նեղվել, ու երբ հագցնում էի, տեղից չէր շարժվում, ինձանից էլ նեղանում էր: Նրա կորստից հետո այդ շորերը նվիրեցի մեր ներքեւի հարեւանի շնիկին, որը նույնպես պեկինես ցեղատեսակի էր:
-Ճի՞շտ է, որ տարիների ընթացքում ընտանի կենդանիներն ինչ-որ գծերով նմանվում են իրենց տերերին:
-Գուչին իմ հակապատկերն էր, շատ գոռոզ շուն էր, երեւի նրա ցեղատեսակն է այդպես: Ահավոր խանդոտ էր, երբ իմ կողքը մեկը կանգնում կամ նստում էր, սկսում էր տարօրինակ ձայներ հանել:
-Նորից կպահե՞ք որեւէ կենդանի:
-Երեւի թե ոչ, որովհետեւ Գուչիից հետո նրան փոխարինող չեմ կարող գտնել: Հետո էլ իմ զբաղվածությունն է շատ, չեմ կարծում, որ կենդանի խնամելու ժամանակ կլինի: Ես կենդանիներ շատ-շատ եմ սիրում, կցանկանայի, որ բոլորն էլ լավ վերաբերվեին նրանց:
«ԳՈՒՉԻՆ ԻՍԿԱՊԵՍ ԻՄ ԵՐԵԽԱՆ ԷՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ