«ԿԵ՛Ր, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՍ»
Երկու բրիտանացի ընկերներ ստիպված են եղել մեկընդմիշտ լքել ռեստորանն այն բանից հետո, երբ նրանք 2 տարվա ընթացքում չարաշահել են հաստատության «Կե՛ր, որքան կարող ես» առաջարկը: Նրանք, գնալով մոնղոլական Gobi ռեստորան, որոշել են հերթական անգամ օգտվել հաստատության հատուկ առաջարկից՝ 12 ֆունտի դիմաց ուտելով այնքան, որքան կարող են: Նրանք երբեւէ սպասարկման համար չեն վճարել: Բիզնեսը բարեգործության հետ շփոթած տղամարդկանց ռեստորանի ղեկավարությունն այլեւս չի կարողացել հանդուրժել: Ընկերների խոսքով՝ հաստատության սեփականատերը մոտեցել է իրենց, խոզ անվանել եւ հայտնել ռեստորան մուտքի իրավունքից ցմահ զրկելու մասին:
ԴԱԳԱՂԸ՝ ԿԱՇԱՌՔ
Հոնդուրասի քաղաքական գործիչները նախընտրական կաշառք են բաժանում դագաղների եւ թաղման ծախսերի վճարման տեսքով: 2011-ին Հոնդուրասում ամեն 100 հազար բնակչին բաժին է հասել 90 սպանություն: Հոնդուրասի բնակչության 40 տոկոսն ապրում է օրական 1,25 ամերիկյան դոլարով եւ իր մահացած հարազատներին թաղելու հնարավորություն չի ունենում: Նման մարդկանց թաղում են պլաստիկե պարկերի մեջ: Այս կապակցությամբ քաղաքական որոշ գործիչներ որոշել են օգնություն ցուցաբերել բնակչության աղքատ շերտին` անվճար դագաղներ եւ թաղման ծախսեր տրամադրելով:
ԾԱՂՐԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Տերնոպոլում ձերբակալվել է մի տաքսու վարորդ, որը ծաղրի է ենթարկել ուղեւորին ուղեվարձի համար բավարար գումար չունենալու պատճառով: Տուժողը եղել է մի ուսանող, ում մոտ եղած գումարը բավարար չի եղել վճարելու համար: Վարորդը կանչել է իր գործընկերներին, որոնք մեքենայից դուրս են բերել երիտասարդին, ծեծել եւ մտցրել բեռնախցիկ: Այնուհետեւ քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ վարորդը ստիպել է երիտասարդին հանվել եւ մերկ վազել մեքենաների շուրջը, որից հետո վերցրել է ամբողջ գումարը, փաստաթղթերը, հեռախոսը եւ հեռացել: Վարորդը ձերբակալված է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ: