ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե իրենից ինչ է ներկայացնում գույքահարկը, ովքեր են վճարողները, եւ ինչ ժամանակահատվածում պետք է վճարել այն: Կխնդրեի մի փոքր մանրամասնել, թե ինչպես է կատարվում գույքահարկի հաշվարկումը, եւ ներկայացնել վճարման կարգը: Որո՞նք են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գույքահարկը սեփականության իրավունքով հարկ վճարողներին պատկանող՝ հարկվող օբյեկտ համարվող գույքի համար համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը, սակայն, կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները: Կազմակերպությունները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն՝ ելնելով հարկման բազայից եւ օրենքով սահմանված գույքահարկի դրույքաչափերից՝ հաշվի առնելով օրենքով սահմանված արտոնությունները: Կազմակերպությունների գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Կիսամյակային հաշվարկները մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմիններ: Հաշվարկված գումարները վճարվում են յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Գույքահարկով հարկվող օբյեկտներ են՝ շենքեր եւ շինություններ, անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ (ամառանոց), բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, անավարտ (կիսակառույց) շինություն, ՀՀ օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված, սակայն դեռեւս իրավունքների պետական գրանցում չստացած շինություններ, ինչպես նաեւ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքեր եւ շինություններ:
ՀՀ պետեկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շարքային քաղաքացիների համար այդպես էլ մինչեւ վերջ հասկանալի չէ, թե ինչու է գանձվում գույքահարկը, եւ ՏԻՄ-երն ինչի վրա են ծախսում այդ գումարները: