Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն Armlur.am-ի հետ զրույցում շատ բարձր գնահատեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը և ընդգծեց, որ դրանից հետո Եվրոպայում իսկական իրարանցում սկսվեց: Միաժամանակ, Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ շատերն արդեն խոսում են Թուրքիային պատժելու անհրաժեշտության մասին:
– Պարո´ն Գրիգորյան, Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը կարևոր իրադարձություն էր: Ի՞նչ տվեց այն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
– Դժվար է գերագնահատել դրա թողած ազդեցությունը: Վերջին մի քանի տարիներին այն, ինչ արել է հայ դիվանագիտությունը, Հռոմի պապի արածի համեմատ` նույնիսկ 10 տոկոս չի կազմում: Նա ցուցմունք տվեց կաթողիկե եկեղեցու բոլոր ներկայացուցիչներին, որ իրենց երկրներում աշխատանք տանեն և ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դրա փայլուն օրինակն Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևն է: Համանման բանաձևեր կընդունվեն նաև այլ կաթոլիկ երկրներում, հիմնականում` կաթողիկե եկեղեցիների նախաձեռնության շնորհիվ: Հռոմի պապի ելույթին հաջորդեց աժիոտաժ: Բոլոր կաթողիկե երկրների հերկայացուցիչնրը բարձրաձայնում էին, որ այժմ պետք է համատարած աշխատանք տարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Թուրքիային պատժելու հարցում: Փաստորեն, արդեն խոսք է գնում Թուրքիային պատժելու գործընթաց սկսելու մասին: Այն, ինչ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը բարձրաձայնեց երկուշաբթի օրը Բրատիսլավայում մեր կողմից կազմակերպած միջոցառման ժամանակ, ընդունվել էր մեկ տարի առաջ մեր համաժողովում. 100-ամյա տարելիցը սկիզբ է դնում մեր պայքարի և պահանջատիրության վերջին փուլին:
Փաստորեն, մենք սկսում ենք աշխատել Թուրքիային ծնկի բերելու ուղղությամբ: ԵՀՄՖ-ի իրավաբանները լծվել են Թուրքիային պատասխանատվության ենթարկելու և միջազգային ատյաններ քաշ տալու գործին: Այո, մենք կարծում ենք, որ ավելի մեծ բան, քան Հռոմի պապի արածն է, դժվար է պատկերացնել: Նա կարողացավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` այսքան տարիների հասցրած վնասը և չկատարած խոստումը կոմպենսացնել իր մեկ ելույթով: Բոլոր հարցերը լուծեց նա: Մյուս երկրների կողմից ցանկացած նոր բանաձևի ընդունումը կլինի սիմվոլիկ քայլ: Մենք պետք է օգտվենք սրանից և առաջ քայլենք: Սակայն ասեմ, որ դրան խանգարում է մեր հայ դիվանագիտությունը` ի դեմս ԱԳ նախարարի տգետ և հակազգային պահվածքի:
Փոխարեն աշխատելու արտերկրի մեր լոբբիստական կառույցների հետ` հայ դեսպանները դեմ են գնում մեզ Նալբանդյանի կարգադրության շնորհիվ: Սա ձեռնտու է միայն մեր թշնամիներին: Այսօր մեր ճնշման տակ աշխարհը հասկացել է, որ քանի Հայոց ցեղասպանությունը չի ընդունվել, նման կոտորածները և ցեղասպանությունները շարունակվելու են: Այսօր խիստ պահանջ կա քրիստոնեական աշխարհի կողմից, որպեսզի պատասխան տրվի Հայոց ցեղասպանության համար:
– Թուրքիայի համար հարված էր այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան է գալու, իսկ Վատիկանն ու ԱՄՆ-ն էլ առհասարակ ներկա չեն լինելու Թուրքիայում: Սա ի՞նչ կփոխի, մենք շահեկան դիրքերո՞ւմ ենք գտնվում:
– Մենք կարող էինք տասնապատիկ ավելի շահեկան դիրքերում լինեինք, եթե ՀՀ-ն նախագահ ունենար: Նա հայ-թուրքական արձանագրություններով ոչնչացրեց այն պայքարը, և նսեմացրեց հնարավոր արդյունքները, որը մենք վարում էինք: Այսօր Հայաստան է գալիս ընդհամենը երկու գերպետության ներկայացուցիչ. սա խայտառակություն է: Նորմալ դիվանագիտական աշխատանքների դեպքում կգային մեր բոլոր բարեկամ երկրների առաջին դեմքերը: Սա խորը արհամարանք է ՀՀ նախագահի նկատմամբ: Էլ չեմ ասում, թե Էրդողանն ինչպիսի արհամարհանք ունի մեր երկրի նկատմամբ, որ հնարեց իրենց այդ Գալիպոլիի միջոցառումները: Շատերը գերադասեցին Թուրքիա գնալ, քանի որ այսօր, ցավոք, դիվանագիտությունն ավելի կարևոր է, քան ճշմարտությունը: Այս առումով Հայաստանը թերացավ, և պետք է նշենք, որ ՌԴ նախագահի այս քայլը չլիներ, ապա մեզ մոտ տապալված կլիներ ամեն ինչ: Այո, Հայաստանի նախագահի թուլությունը ոչնչացնում է մեր արժանապատվությունը և արդյունքները:
Կարելի է ասել, որ մենք նախագահ չունենք: Մենք տասնապատիկ կշահեինք, եթե ունենայինք գրագետ նախագահ և դիվանագիտություն: Սակայն այս մասին կխոսենք ապրիլից հետո, երբ կրկին կբարձրանա իշխանափոխության պահանջը, և ժողովրդի պայքարի ալիքը կսրբի այս խայտառակ կոռումպացված և տգիտության գագաթ հանդիսացող կառավարությանն ու երկրի ղեկավարներին:
Նաիրա Հովհաննիսյան