«Առավոտ» օրաթերթը գրում է. «Անկախ նրանից, թե այսօր և վաղը ո՞ր երկրի ղեկավարությունը կամ խորհրդարանը ի՞նչ է հայտարարելու, արդեն պարզ է, որ այն նպատակները, որոնք Հայաստան պետությունը, հայկական կազմակերպությունները և ընդհանրապես աշխարհի հայերը դրել էին Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված, իրագործված են՝ համամարդկյային, քաղաքակրթական արժեքներին նվիրված բոլոր ուժերը աշխարհում իրենց աջակցությունը հայտնեցին մեր երկրին և մեր ժողովրդին:
Ինչպես օգտագործել մեզ տրված այդ առավելությունը՝ սա է խնդիրը: 100-ամյակը գուցե նաև առիթ լինի, որ մենք ինքներս մեզ հասկանանք ու գնահատենք ու դրա հիման վրա փոխենք մեր կյանքը Հայաստանում:
Այսօրվա վիճակով եթե ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև ամբողջ երկրագունդը նվիրեն հայերին, միևնույն է՝ եթե մենք չենք կարող մեր կյանքը կազմակերպել հայրենիքում, այդ «հողերն» ունենալը ոչ մի իմաստ չի ունենա: Եվ ասելով՝ «մենք», ես տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր մարդկանց, ովքեր իրենց հայ են համարում: Հողը պետք է ոչ միայն «պահանջել», այլև իմաստավորել, շենացնել, մշակել: Կարգախոսի մակարդակով մենք հասկանում ենք, որ առանց տնտեսապես ու քաղաքականապես ուժեղ Հայաստանի՝ ոչ մի փոխհատուցում և ոչ մի պահանջատիրություն հնարավոր չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։