Ցեղասպանության թեման դարձրինք շոու. լիբանանահայ գրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանահայ գրող Սաքո Արյանը, ով մի քանի տարի առաջ ընտանիքով տեղափոխվել է Երեւան, այն կարծիքին է, որ թեեւ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն հայ ժողովուրդը չունի ազգային ծրագիր, պարզ չէ` ինչ ունի ասելու աշխարհին: «Ժողովուրդ»-ը Ս. Արյանի հետ զրուցել է Ցեղասպանության թեման աշխարհին հասու դարձնելու գործում գրողի դերի մասին:

-Պարո՛ն Արյան, Հայոց ցեղասպանության թեմայով հայ գրականության մեջ նոր խոսքի պակաս տեսնո՞ւմ եք:

-Նոր խոսքի հնչեցումը կարեւոր է, սակայն հարցն այն է, որ հայ ժողովուրդը ազգային ծրագիր չունի: Ապրիլի 25-ին մենք ի՞նչ տրամադրվածությամբ ենք արթնանալու, ի՞նչ նպատակ ունենք եւ ի՞նչ ենք պահանջում թուրքերից, չգիտենք. սա իմ մեջ տագնապ է առաջ բերում: Ողբի, ցավի փտած դիակը դարձրել ենք ախտ ու Հայաստանով մեկ տարածում ենք: Սա ինձ շատ է հուզում եւ մտահոգում: Իսկ մենք ի՞նչ ունենք ասելու աշխարհին, Ցեղասպանության 100-րդ տարելիցն է լրանում, բայց ոչ մի տեղ չի երեւում այդ խոսքը: Մենք թուրքի հետ պայքար ունենք, բայց մոռանում ենք, որ մեր ազգային ծրագիրը չենք կարող զուգորդել Ցեղասպանության` իմ նկարագրած վշտի հետ: Մենք հռչակագրեր ենք հրապարակում, սերունդներին ասում ենք, որ նրանք պետք է պահանջատեր լինեն, իսկ այդ սերունդներին ի՞նչ ունենք տալու. սա է ինձ ամենաշատը մտահոգում:

-Նկատի ունեք` հիմնավոր խնդիրներն աչքաթո՞ղ են արվել:

-Մենք հիմնականը թողած` զբաղված ենք արտաքին բաներով, մենք մեր ձեռքով Ցեղասպանության թեման դարձրինք շոու: Ցեղասպանության թեմայի շուրջ ծավալվող ողջ գործընթացից եթե հանենք Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հայտարարությունը, տակը բան չի մնա: Եվ, այնուամենայնիվ, եթե նա Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, ապա մեզ մոտ` Երեւանում, կան շատ մարդիկ, որ չգիտեն, թե ով է Նարեկացին:

-Իսկ ո՞րն է մտավորականի դերը հիմնավորը երկրորդականից զատելու, Ցեղասպանության թեման իր կարեւորության մեջ աշխարհին հասու դարձնելու գործում:

-Հայ գրողը նախ մարդ է, որն ապրում է այսօր, նա չի կարող անցյալի մեջ մնալ, մեզ անընդհատ ուզում են անցյալ տանել, հրում են ետ, այնինչ, մենք պետք է առաջ նայենք: Անցյալում մնալն օգտավետ չեմ համարում: Հայ գրողը պետք է նայի դեպի ապագա: Այսօր էլ մենք մի շարք խնդիրեր ունենք` իսլամացած հայերին, պոլսահայերին առնչվող: Սրանք պետք է մեզ մտահոգեն: Հայաստանն այսօր էլ լուրջ խնդիրներ ունի, եկեք այդ մասին էլ մտածենք: Եթե հետեւենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ականատեսը կդառնանք Իրաքի քրիստոնյաների, եզդիների ջարդին. այստեղ էլ մենք ասելիք ունենք: Այսօր ամբողջ քրիստոնեությունը Միջին Արեւելքում տագնապահար է, իսկ մենք դրանից տեղյակ չենք:

-Պարո՛ն Արյան, Ձեր ստեղծագործություններում կարող ենք տեսնել հայրենիքը կորցրած բանաստեղծի որոնումները օտար ափերի մեջ: Սրանք նաեւ Ցեղասպանություն տեսած սերնդի ժառանգորդի՞ որոնումներ են:

-Ցեղասպանության հետեւանքով եմ ես ծնվել սփյուռքում: Իսկ որ ասում եք հայրենիք, նախկինում ես հայրենիք չեմ ունեցել՝ որպես գաղթականի զավակ, ցեղասպանվածի թոռ: Մեզ ուր տանեին, կապրեինք, այդ հիմա է, որ հասկանում ենք` դա ինչ է, հիմա է, որ տուն ունենք հողի վրա, իսկ նախկինում ապրել ենք շարժուն ավազի վրա: Մեր հայրենիքը եղել է մեր լեզուն, որը փրկել է մեզ:

Իսկ հիմա Ձեր ոտքի տակի հողը կայո՞ւն է:

-Հիմա մենք` որպես ազգի բաղադրիչ, լուրջ փորձաքարի առաջ ենք: Ինձ մտահոգող շատ խնդիրներ կան, օրինակ` այն, որ մենք տասնյակ հազար սիրիացիներ ընդունեցինք, բայց մի դպրոց չունեցանք, որտեղ արեւմտահայերեն կդասավանդվեր: Եթե մենք կարողանում ենք այդքան եկեղեցիներ կառուցել, ամոթ է, որ չենք կառուցում դպրոցներ, նաեւ արտերկրում` Կիպրոսում, Փարիզում, Լոս Անջելեսում… Հայաստանում դեռ շատ անելիքներ կան, մենք պոտենցիալ, մարդուժ ունենք, որոնց շնորհիվ հնարավոր է այդ խնդիրները կարգավորել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս