Մենք պատկերացում չունենք, թե ինչ բառապաշար կօգտագործվի, բայց անպայման անդրադարձ կկատարվի այդ խնդրին: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Գերմանիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, և կարտասանվի՞ այդ բառը, այս մասին նշեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
«Բոլորս գիտակցում ենք, որ սպասումները շատ են, բայց իրականում չգիտեմ` ինչ կասի Գերմանիայի նախագահը: Հուսով ենք, որ ճիշտ մոտեցում կունենա: Կարող եմ ասել, որ հին տեքստերը խմբագրվելու են, եկեք սպասենք վաղվան, տեսենք ինչ կլինի», – ասաց դեսպանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Գերմանիայի վրա կարո՞ղ է ազդեցություն ունենալ, օրինակ, Թուրքիայի կողմից ճնշումը կամ որևէ զանգ, նա նշեց. «Ես չեմ կարծում, որ Թուրքիայի որևէ զանգ կարող է ազդել Գերմանիայի վրա: Մենք այնպես չէ, որ պրոհայկական ենք, կամ հակաթուրքական, մենք փորձում ենք օգտակար լինել՝ երկխոսություն կառուցելու համար»: