
Ղազախստանը չի դիտարկում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժութային միության ստեղծման հնարավորությունը: Ինչպես փոխանցում է LS-ը, այս մասին հայտարարել է երկրի ազգային էկոնոմիկայի փոխնախարար Տիմուր Ժակսիլիկովը` Աստանայում կայացած բրիֆինգի ժամանակ:
«Ղազախստանը զբաղեցնում է հստակ ու հետևողական դիրքորոշում` բացառելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժութային շուկայի ստեղծումը: Այդ հարցերը մենք չենք քննարկում»,- ընդգծել է Ժակսիլիկովը:
Ընդ որում նա հավելել է, որ արժութային միության ստեղծման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում:
«ԵՏՄ շրջանակներում մինչ 2025 թ. մենք մտադրված ենք իրականացնել միայն օրենսդրությունների ներդաշնակեցում՝ ֆինանսական շուկայի կարգավորման ոլորտում: Այստեղ ոչ մի խոսք չկա որևէ մոնետարային կամ արժութային միության ստեղծման կամ դրա հեռանկարի մասին»,- հայտարարել է փոխնախարարը: