ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ցեղասպանություն բառը չարտասանելու որոշումն անակնկալ չէ քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա Մարտիրոսյանի համար: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 24-ին Թուրքիա ԱՄՆ պատվիրակություն չուղարկելու որոշումը անակնկալ էր նրանց համար:
– Ինչպես հայտնի է` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն Թուրքիայում ապրիլի 24-ին ներկայացուցիչ չի ունենա: Ձեզ համար անակնկա՞լ էին այս որոշումները:
– Առաջինը` բոլորովին: Անակնկալ կլիներ, եթե նախագահն արտաբերեր այդ բառը: Իսկ չարտաբերելու պատճառները բազում են. սկսած Սիրիական պատերազմից, Եմենի հետ կապված Թուրքիայի համագործակցությունից, վերջացրած Թուրքիայի ճնշումներից, որոնց անուղղակի հատվածն իր հերթին իրականացվում է Կոնգրեսի կողմից` հատկապես դրա հանրապետական անդամների ձեռքերով, ովքեր պատրաստ են իրենց կանանցից բաժանվել, բայց Թուրքիային չնեղացնել: Ինչ վերաբերում է Թուրքիա չգնալու որոշմանը` դա մի փոքր անակնկալ է, սակայն կարող եմ ենթադրել, որ այդպիսի քայլ է արվում հայկական կողմին արժանապատվություն շնորհելու համար, և դա կարևոր ազդակ է: Հնարավոր է, որ նախագահը դրանով ցույց է տալիս, որ թեև ստիպված է տեղի տալ ճնշումներին և անախորժություն չպատճառել Թուրքիային, սակայն նաև չի ուզում հայերին նսեմացնել կամ հայերի հաշվին թուրքերին սիրաշահել:
– Թուրքիա չգնալու ԱՄՆ-ի որոշումը ի՞նչ ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
– Որևէ ազդեցություն չի ունենա: Թուրքիայի համար Գալիպոլին միջոց էր Ցեղասպանության արարողություններից միջազգային ուշադրությունը շեղելու համար: Վստահ եմ, որ Գալիպոլիի այդ կեղծ ամսաթվին ԱՄՆ-ի չմասնակցելն ամենևին էլ կարևոր չէ Թուրքիայի համար: Կարևոր էր բառի չարտասանելը:
– Մայիսի 7-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մեկնարկում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հնարավո՞ր է Օբամայի կողմից էական շրջադարձ լինի հենց այս օրը:
– Ոչ: Բացառված է: Դրա ոչ տրամաբանությունն եմ տեսնում և ոչ էլ անգամ տեսական հնարավորությունը: Եթե զգուշացրել են, որ նախագահը խոսքը չի արտաբերելու, ուրեմն չի արտաբերելու: Դա վերջնական որոշում է:
Նաիրա Հովհաննիսյան