Մովսես գյուղում ինտենսիվ կրակոցներ են հնչել. ինչ վիճակ է այս օրերին տիրում սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում հակառակորդը ինտենսիվ կրակահերթ է արձակել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը` հավելելով, որ ժամը 17:40-ից սկսած 10 րոպե շարունակ կրակոցներ են արձակվել ամբողջ գյուղի ուղղությամբ. «Վերջին օրերին համեմատաբար հանգիստ վիճակ էր տիրում: Երեկ դրանք անսպասելի ակտիվացան: Բարեբախտաբար, վնասներ չենք կրել: Նրանք սովորաբար դաշտերում աշխատող գյուղացիների վրա են կրակում` վախի մթնոլորտ պահելու համար»:

Արարատ Ավալյանը նաև հայտնեց, որ հնչած կրակոցներից հետո մինչև երեկոյան 22:00-ն հանգիստ է եղել, ապա կրկին ժամանակ առ ժամանակ մինչև լուսաբաց հնչել են կրակոցի ձայներ:

Մարզի մեկ այլ սահմանամերձ գյուղում` Վերին Կարմիրաղբյուրում, այսօր Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում է, որին հաջորդելու է հուշակոթողի բացման արարողությունը: Ինչպես Armlur.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը, սահմանին համեմատական անդորր է, թեպետ կրակոցներ գյուղի ուղղությամբ մեկումեջ արձակվում են: Հուշակոթողի բացման արարողությանը բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա չեն գտնվի: Պատճառը, ինչպես հաղորդեց մեր զրուցակիցը, վերջին օրերին գերծանրաբեռնված աշխատանքներն են. «Մենք բոլորին հրավերներ ուղարկել ենք, սակայն հասկանում ենք, որ աշխատանքները թույլ չեն տալիս, որ կարողանան գալ: Պաշտոնյաներից միայն մարզպետի տեղակալը ներկա կգտնվի: Իսկ ընդհանուր մեզ մոտ հանգիստ վիճակ է: Տեսնենք` քանի օր կտևի»:

Սահմանամերձ Պառավաքար և Չինարի գյուղերում ևս վերջին 10 օրվա ընթացքում համեմատաբար հանգիստ վիճակ է: Համայնքների ղեկավարները նշում են «համեմատաբարվ բառը, քանի որ ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցներն այս գյուղերի համար սովորական երևույթ են դարձել. դրանք մշտապես կան:




Լրահոս