Կուսակցությունները որ ժամին և ինչ կազմով կգնան Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` ապրիլի 24-ին, մինչև ժամը 13:00-ը Ծիծեռնակաբերդ կայցելեն Հայաստանում գտնվող արտասահմանյան պատվիրակությունները, որոնց կուղեկցեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

«Ժառանգությունը» ապրիլի 24-ին հուշահամալիր կայցելի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ ժամը 15:30-ին: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կհավաքվեն Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ՝ ժամը 14:00-ին: Մասնակցելու են ԲՀԿ պատգամավորները և քաղխորհրդի անդամները. Armlur.am-ին տեղեկացրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Վահան Բաբայանը Ստրասբուրգում մասնակցում են ԵԽԽՎ-ին:

Վահան Բաբայանը նաև տեղեկացրեց, որ այսօր հայկական պատվիրակութունը Ստրասբուրգի մայր տաճարում մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Իսկ վաղը` ապրիլի 24-ին, պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի տարբեր ազգերի դեմ իրականացված Ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ:

«Հայ հեղափոխական դաշնակցությունով կուսակցության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդ կայցելեն երեկոյան ժամը 22.00-ին՝ ջահերով երթի ժամանակ:

Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ժամը 17.00-ին կհավաքվի Կիևյան կամրջի սկզբնամասում` իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նաև նշենք, որ հայտնի չէ` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը որ ժամին կայցելի Ծիծեռնակաբերդ, կամ առհասարակ կայցելի, թե՝ ոչ:




Լրահոս