Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանին երկու անգամ հրավիրել են ոստիկանության Արմավիրի բաժին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Վարդանյանը:
Ըստ համայնքի հանրապետական ղեկավար Սամվել Վարդանյանի` իրեն ոստիկանություն են հրավիրել մեքենայի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ի ուշ երեկոյան անսպասելի կերպով այրվել էր Սամվել Վարդանյանի անձնական ավտոմեքենան: Համայնքի ղեկավարը պատմել էր, որ մեքենան որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել, իրենք զարմացած են, թե ինչու պետք է նման բան լիներ. «Մեքենան էլ փորձաքննության ենթարկեցին, և դրա արդյունքների համաձայն` ևս մեկ անգամ հաստատվեց, որ մեքենան որևէ տենիկական խնդիր չի ունեցել: Ոստիկանությունում ասել եմ, որ որևէ թշնամի չունեմ, կասկածներ էլ չունեմ, թե ով կարող էր անել: Այլ բան չգիտեմ, ինձ որևէ բան էլ չեն ասում, քանի որ կա նախաքննության գաղտնիություն»:
Նշենք, որ մեքենայի այրվելու մասին գյուղապետի ընտանիքին տեղյակ էր պահել վերջինիս հարևանը, ինչից հետո Վարդանյանները հնարավոր ամեն ինչ արել էին հրդեհը կանխելու համար:
Հավելենք, որ Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը չէր բացառել, որ կատարվածը, միգուցե, կապ ունի իր աշխատանքային գործունեության հետ: