Ֆրանցիսկոս պապը խնդրել է ինձ գալ այստեղ և հայտնել հոգևոր մտերմություն. կարդինալ Կոխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարյուրամյակ է անցել այն սարսափելի ջարդերից հետո, որոնց ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Չկա որևէ հայ ընտանիք, որ այս ողբերգության հետևանքով չի կորցրել իր հարազատներին: Այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին հայտարարեց Քրիստոնեական միավորության խթանման պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխը: Նա ընդգծեց, որ Ֆրանցիսկոս պապը խնդրել է իրեն գտնվել այստեղ` իր աղոթքները, հոգևոր մտերմությունը հայերին հայտնելու համար:

«Այսօր ես ինձ շատ մոտ եմ ձեզ զգում: Ձեր քրիստոնեական ինքնությունը հինավուրց է, գնում է 301 թվականը: 5-րդ դարից սկսած հայ եկեղեցականներն ընդունել են մարտիրոսությունը հանուն Քրիստոսի, անցել են տառապանքների ճանապարհով՝ հույսը հառած այն հավատքին, որ բխում է խաչից»,-հայտարարեց կարդինալը:

Նրա խոսքով՝ հայերը վճռականությամբ անցել են դժվարին ճանապարհ՝ պահպանելով ինքնությունը որպես ժողովուրդ, հավատացյալ:

«Հավատքն օգնել է ձեր ժողովրդին վերապրել այն, ինչ կատարվել է 100 տարի առաջ, որը կոչում ենք 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Այն, ինչ տեղի ունեցավ ոչ միայն ձեր, այլև պատմության, մարդկության ընտանիքի հետ»,- եզրափակեց նա։




Լրահոս