Սեւանի նախկին քաղաքապետ «Մողես» անվանմամբ հայտնի Աշոտ Ալեքսանյանը չի ցանկանում խոսել իր որդու կալանավորման մասին:
«Եթե ես որեւէ բանից տեղյակ չեմ, ինչ ասեմ, չեմ էլ հետաքրքրվում, ինձ չանհանգստացնեք»,- այսպիսի պատասխան տվեց Աշոտ Ալեքսանյանը՝ որդու կալանավորման գործի հետ կապված Armlur.am-ի ճշտող հարցերին և անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը, եւ նրա ընկերը՝ Հմայակ Թադեւոսյանը, ապրիլի 5-ից հետախուզման մեջ էին, եւ ահա ապրիլի 21-ին քաղաքապետի որդին հայտնաբերվեց, իսկ նրա ընկերը դեռ հետախուզման մեջ է:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը իր տեղեկություններով գրել էր, որ նախկին քաղաքապետի որդին հրաժարվում է ցուցմունք տալ և փաստաբան է պահանջում: Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեն մեղադրյալի պահանջը կիրականացնի, իսկ թե պաշտպանի լինելուց հետո ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան այս սպանությունից, ժամանակը ցույց կտա:
ՀՀ քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից` խուլիգանական դրդումներով), եւ նշված անձինք ներգրավվել էին որպես մեղադրյալներ: