Armlur.am-ին հայտնի դարձավ, որ սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երթուղային ավտոբուսներից եւ միկրոավտոբուսներից օգտվելիս չի վճարում 100 դրամ ուղեվարձը: Եւ սա նկատել են Ադիբեկյանի ուսանողները: Սոցիոլոգի ուսանողները Armlur.am-ին պատմեցին, թե ինչպես են իրենք իրենց դասախոսին նկատել, որ վերջինս երթուղայինից իջնելիս չի վճարել 100 դրամ ուղեվարձը, իսկ վարորդներն էլ դժգոհել են՝ նշելով, որ «առանց ամաչելու մշտապես չի վճարում»: Տեղեկանալու համար, թե ինչու սոցիոլոգը չի վճարում ուղեվարձը, կապ հաստատեցինք նրա հետ:
-Պարո´ն Ադիբեկյան, Ձեր ուսանողները նկատել են, թե Դուք ինչպես երթուղայինից իջնելիս չեք վճարում ուղեվարձը: Այս կերպ բողոքի՞ ակցիա եք անում:
-Նման բան չկա: Ասեկոսեներ են: Ես նախապես եմ վճարում: Երթուղային նստելիս միանգամից եմ վճարում ու նստում եմ միշտ առաջին դռնից: Հավանաբար սա է պատճառը, որ մյուսների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ես չեմ վճարում երթուղայինի ուղեվարձը:
-Բայց ուսանողները նկատել են, թե ինչպես է վարորդը դժգոհում, երբ Դուք առանց վճարելու իջնում եք երթուղայինից:
-Խորհրդային տարիներին, երբ մտնում էիր տրանսպորտ առաջինը տոմսավաճառից տոմս պետք է գնեիր, որպեսզի իրավունք ստանայիր երթեւեկելու: Մեր սերնդի մոտ դա մնացել է: Շատերը չեն վերցնում ինձանից գումար, բայց ես ստիպում եմ նրանց ու տալիս եմ: Սերունդների տարբերություն է. ես վճարում եմ մտնելիս, իսկ նրանք՝ դուրս գալիս:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ