Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այսօր ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տեքստը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը որոշում է կայացրել ստեղծել սառեցված հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող ենթահանձնաժողով:
Պատգամավորը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ինչով է զբաղվելու ենթահանձնաժողովը. «Սա կարեւոր է նրանով, որ այն զբաղվելու է սառեցված հակամարտությունների կարգավորմամբ, այսինքն՝ Եվրոպայի տարածքում գոյություն ունեցող այն հակամարտություններով, որոնցում չկան ռազմական ակտիվ գործողություններ, ստորագրված է զինադադարի մասին պայմանագիր»:
Ենթահանձնաժողովի գլխավոր նպատակը լինելու է դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործող կարգավորման մեխանիզմներն արդյունավետ գործեն: Ի դեպ, ենթահանձնաժողովը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի և Ղրիմի հակամարտությունների կարգավորման համար:
Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը բանաձև էր պատրաստել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ, որը ցանկանում են ընդունել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: Տեղեկացանք նաև, որ այս օրերին ՀՀ ԱԺ պատգամավորները զրուցել են ԵԽԽՎ պատվիրակների հետ այդ հարցի վերաբերյալ, որոնցից շատերը համաձայնել են միանալ այդ բանաձևին եւ իրենց ստորագրությունն են դրել փաստաթղթի տակ:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այդ շրջանառության մեջ կդնեն կամ այսօր կամ վաղը՝ ապրիլի 24-ին:
Հիշեցնենք, որ երեկ էլ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Արփինե Հովհաննիսյանը թուրք և ադրբեջանցի պատվիրակներին անմոռուկներ, շարֆ և փողկապ են նվիրել, որոնք ընդունել են մեր պատգամավորների հուշանվերները: