Օբաման խրախուսեց Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում իրականացվող «մարդասիրական սպանդը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վաղվա ուղերձում 1915թ. դեպքերն այդպես էլ չի ճանաչելու որպես ցեղասպանություն, Հայաստանի արևմտամետ շրջանակները, բառիս բուն իմաստով, պապանձվել են:

Նրանցից որևէ մեկն այդպես էլ համարձակություն չունեցավ քննադատելու իր դոնորների նախագահի պահվածքը, որը ոչ միայն բարոյական չէր, հաշվի առնելով Օբամայի նախընտրական հավաստիացումները, այլև զուտ քաղաքականապես էր սխալ` հաշվի առնելով ցեղասպանության ճանաչման հարցում ստեղծված աննախադեպ իրավիճակը: Հենց հիմա ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` ԱՄՆ-ն ողջ պատասխանատվությունն ու հետևաբար Թուրքիայի դիմադրության ողջ ծանրությունը միայն իր վրա չէր վերցնի: Թուրքերի կատաղությունը պարզապես չէր հերիքի ողջ աշխարհին ընդդիմանալու համար, և ԱՄՆ նախագահի ուղերձը կարող էր լինել հենց այն վերջին հարվածը, որը հասցվելով թուրքական ժխտողականությանը, ծնկի կբերեր այն:

Սակայն դա տեղի չունեցավ, և ակնհայտորեն այն պատճառով, որ Սպիտակ տունը պարզապես չցանկացավ դա անել` Մերձավոր Արևելքում իր քաղաքական շահերից ելնելով: Ճի՞շտ էր այդ հաշվարկը` հենց նույն Մերձավոր Արևելքում զարգացումների հետագա ընթացքի տեսանկյունից, թե՝ ոչ,  ցույց կտա ժամանակը, բայց այն, որ ԱՄՆ-ն անթաքույց կերպով, բաց տեքստով ասաց` սիրելի հայեր, այո, ձեզ ցեղասպանել են (ի վերջո, ԱՄՆ 46 նահանգ դա ճանաչել է), սակայն մենք թքած ունենք այդ փաստի վրա, արդարության վերականգնման, մարդու իրավունքների, ազատությունների և նման այլ «ամերիկյան հեքիաթների» վրա և շարունակում ենք սիրաշահել թուրքերին, քանի որ նրանք շարունակում են հարմար գործիք մնալ ամերիկյան զինված ուժերի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում պարբերաբար իրականացվող «մարդասիրական սպանդի» համար: Այսքան բան:

Եվ եթե ԱՄՆ-ի դեպքում սա մեր հարգարժան արևմտամետների կաստան համարում է հասկանալի մոտեցում` real politik, ապա չգիտես ինչու, Ռուսաստանի կողմից սեփական շահերին հետամուտ լինելու ամենափոքր դրսևորումը, որը մեր սրտով չէ` անմիջապես որակվում է որպես դավաճանություն: Իհարկե, Ռուսաստանն էլ միշտ չէ, որ իր քայլերը կառուցում է բացառապես Հայաստանի շահերը հաշվի առնելով, սակայն հենց թեկուզ ցեղասպանության հարցում համեմատության եզր անգամ չկա ՌԴ և ԱՄՆ պահվածքի միջև: Ի վերջո, վաղը Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի կողքին է լինելու ոչ թե Բարաք Օբաման, այլ՝ Վլադիմիր Պուտինը, ում երեկվա ուղերձը ևս, այս առումով, փակեց բոլոր հարցերը: Այնինչ, այս փուլում Թուրքիան Ռուսաստանի համար շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան՝ ԱՄՆ-ի, սակայն, չնայած սրան, Ռուսաստանը կատարեց դաշնակցին վայել ընտրություն:

Այնպես որ, հարգելի արևմտամետներ. չի կարելի անընդհատ նսեմացնել, նվաստացնել և արժեզրկել ունեցածն ու արժևորել, գովերգել և հիանալ չունեցածով:

Եղիա Նիկողոսյան




Լրահոս