Տեր Վահրամ քահանա Մելիքյանը սոցցանցի իր էջում մեկնաբանել է, թե ինչ է նշանակում սրբադասում Հայ առաքելական եկեղեցում.
«Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբերի հիշատակության ավանդությունն սկսվում է 4-րդ դարից: Ըստ հայ պատմիչ Ագաթանգեղոսի` հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորիչը, համաձայն քրիստոնեական ավանդության, Հայաստանում նահատակված Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի գերեզմանների վրա կառուցել է հատուկ մատուռներ (վկայարաններ, որտեղ քրիստոնյաները հիշատակել են նահատակ կույսերին՝ հայցելով նրանց բարեխոսությունը):
Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը:
Հայ Եկեղեցու սրբեր են համարվում`
ա) հավատքի համար նահատակվածները,
բ) անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ,
գ) հավատքի տարածման, եկեղեցու ուղղափառ դավանանքի պաշտպանության և Աստծու խոսքի բացառիկ քարոզիչները,
դ) սրբակենցաղ անձինք:
Հայ Եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք:
Պատմության ընթացքում, սակայն, Հայ Եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել:
Միաժամանակ, ըստ ուսումնասիրությունների, սուրբ են նկատվել իրենց կենդանության կամ մահվանից հետո ժողովրդի կողմից լայն ճանաչում ձեռք բերած, ժողովրդական բարեպաշտության և հարգանքի միջոցով ճանաչված անձինք, որոնց նշխարները մեծարվել են, գերեզմանները դարձել ուխտատեղիներ, իսկ մահվան կամ նահատակության օրը նշվել է որպես ուրախության տարեդարձ։ Եկեղեցու բարձրագույն իշխանության՝ կաթողիկոսական հրահանգով կամ կոնդակով նրանց անունները հռչակվել են տարեկան տոնի սահմանումով կամ տոնացույցում ընդգրկվելով։
Ըստ ավանդության`հայազգի առաջին սուրբը հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսն է, ով հայոց Սանատրուկ արքայի դուստրն էր (1-ին դար): Վերջին տոնելի սրբերը, ովքեր ընդգրկվել են հայոց տոնացույցում, Սուրբ Հովհան Որոտնեցի և Սուրբ Գրիգոր Տաթևացի վարդապետներն են (15-րդ դար)։ Ավելի ուշ՝ 18-րդ դարում, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի հայրապետական սրբատառ կոնդակով` Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողության ժամանակ հիշատակվում է Մովսես Գ Տաթևացի հայրապետի (17-րդ դար) անունը: Պատմական վայրիվերումների պատճառով այս ժամանակաշրջանից ի վեր Հայ եկեղեցում նոր սուրբ չի հռչակվել:
Երկարատև ընդմիջումից հետո Հայ եկեղեցու սրբադասման հարցը պաշտոնապես օրակարգ է մտել 20-րդ դարի սկզբին` ընդգրկվելով Հայ Եկեղեցում կատարվելիք բարենորոգության ծրագրում: 1923 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի օրոք ստեղծվել է «Բարեփոխումների կենտրոնական հանձնաժողովե, որը պետք է զբաղվեր նաև սրբադասման հարցերով: Հարցը քննարկվել է նաև հաջորդ կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի օրոք:
Եկեղեցու ներքին, խորհրդական կյանքի կենսականությունը վերականգնելու մտածումով 1960-ական թվականներից սրբադասման հարցը քննարկվել է երկու կարևոր շեշտադրումներով.
ա) վերականգնել Հայ Եկեղեցու սրբադասման կարգի ավանդությունը,
բ) քննել Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հնարավորությունը:
Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը
Սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989 թվականին` Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի Հայաստան այցի ընթացքում։ Այս ընթացքում երկու կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչև 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար:
Սրբադասման կարգի վերականգնման հարցը, սակայն, գործնական փուլ թևակոխեց միայն 2005 թ.: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայրապետական տնօրինություններով ստեղծվեց Սրբադասման հանձնաժողով` հարցը հանգամանորեն ուսումնասիրելու և առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին ներկայացնելու նպատակով:
2013 թ. սեպտեմբերի 24-27-ին Մայր Աթոռում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարված Եպիսկոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի կապակցությամբ Եպիսկոպոսաց ժողովը որոշեց որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը:
Իսկ 2014 թ. նոյեմբերի 11-13-ի Եպիսկոպոսաց ժողովում արդեն`
ա. հաստատվեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը և շարականի կանոնը («Հրաշացան Պակուցմամբ…ե ԴԿ), ժամամուտը (Ի յիշատակի…), վկայաբանությունը և սրբապատկերի նախօրինակը,
բ. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում,
գ. Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը` «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ եւ վասն հայրենեացե:
Այսպիսով` երկարատև ընդմիջումից հետո Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվում է Հայ Եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական է դառնում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը:
Հարկ է նշել, որ Հայ Եկեղեցին Ցեղասպանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի և հայրենիքի: Եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքականություն է ընդունում` առանց առանձնացնելու նրանց հոգևոր սխրանքը, ովքեր մեկ ընդհանրական և հավաքական անունով անանուն մարտիրոսացան»: