Ինչպես երևում է, հայրենի իշխանությունները «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կալանավորելով չեն բավարարվել: Նրանք շարունակում են ճնշումների մեխանիզմ բանեցնել ազատամարտիկ Ժիրար Սէֆիլյանի թիմակիցների նկատմամբ՝ օգտագործելով քրեական տարրերին: Բայց քանի որ քրեական աշխարհում չգրված «օրենք կա»՝ բանտում չնեղացնել այն մարդկանց, ովքեր ազատազրկման մեջ են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար, ուստի քրեական հեղինակությունների համար քաղաքականությամբ զբաղվողները համարվում են իրենց աշխարհից դուրս մարդիկ, որոնց հետ պետք չէ առնչվել, առավել ևս՝ բախվել:
Բայց, ինչպես երեւում է, ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը որոշել է քրեական տարրերի և քաղաքական ակտիվության համար կալանավորվածների միջև արհեստական բախումներ առաջացնել՝ օգտագործելով ոստիկանական նենգ հնարքներ:
Նախկին ոստիկան Արթուր Օսիկյանը հատկապես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցանկանում է իրավիճակ փոխել: Այդ քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մի քանիսի հարազատները Armlur.am-ին պատմեցին, որ կալանավորներից վերցնում են նրանց անձնական բջջային հեռախոսները եւ թույլ չեն տալիս կապ հաստատել ընտանիքի անդամների հետ.
«Ճիշտ է, օրենքով արգելված է հեռախոս ունենալը, բայց ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ կալանավորների գրեթե մեծ մասը հեռախոս ունի: Եվ հիմա ՔԿՀ-ի ղեկավարությունը հավաքել է բոլորի հեռախոսները ու այդ խստապահանջությունը բացատրել է հետևյալ կերպ. «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն այժմ գտնվում են «Նուբարաշենում», դրա համար խիստ ռեժիմ է պետք սահմանել: Չենք հասկանում, թե այս ինչ վիճակ են ստեղծել: Ի՞նչ կապ ունեն մեր հարազատները այդ մարդկանց հետ»:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը ապրիլի 21-ին գրել էր, որ քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիան դատապարտվածների շրջանում լուրեր է տարածում, թե իբր եթե «Հիմնադիր խորհրդարանի» գործոնը չլիներ, ապա մինչեւ ապրիլի 24-ը համաներում էր լինելու: Այս իրավիճակը պատճառ էր դարձել, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակությունների ներկայացուցիչները հիմնադիր խորհրդարանի անդամներին իրենց անազատության համար մեղադրեն եւ անհանգստություն պատճառեն:
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորվածների պաշտպան Տիգրան Եգորյանը եւս անհանգստացած էր ստեղծված իրավիճակով եւ օրաթերթին հայտնել էր, որ այս առումով առավել վտանգված էր համարում Գարեգին Չուքասզյանի եւ Գեւորգ Սաֆարյանի կյանքը, քանի որ, ըստ նրա, քրեական տարրերը Նուբարաշեն ՔԿՀ-ում գերակշռում են:
Armlur.am–ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը եւս նշեց, որ իրեն խոսակցություններ են հասել, թե ՔԿՀ-ում կալանավորվածների ձեռքից վերցնում են հեռախոսները եւ նշված գործողությունները կապում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ, ինչպես որ եղավ նաեւ համաներման հետաձգման հարցում: Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը զրուցեց նաեւ ՀՀ ԱՆ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով վստահեցրեց, որ ՔԿՀ-ներում մշտապես՝ ամեն օր, ամեն ժամ պայքար է գնում կալանավորների կողմից հեռախոսներ պահելու դեմ:
Դե, իհարկե, Ղլեչյանը այլ պատասխան չէր էլ կարող տալ: Ի պաշտոնե նա այլ լիազորությամբ օժտված էլ չէ: Բայց ՀՀ իշխանությունների նենգությունը իսկապես որ չափ ու սահման չունի: Քրեական աշխարհի ներկայացուցիչներին Ժիրայր Սէֆիլյանի թիմակիցների դեմ լարելը, համաձայնեք, անպատվաբեր զբաղմունք է՝ առավել ևս Հայոց Մեծ եղեռնի զոհերի սրբադասման օրերին:
Քնար Մանուկյան