Այս օրերին, երբ ամբողջ հայությունը սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, էլ ավելի է կարևորվում սգո մշակույթը պահպանելու հարցը: Ինքնին հասկանալի է, որ ապրիլի 24-ին և դրան ընդառաջ մեր երկրում տոնական տրամադրությունը բացառվելու է, այսինքն` դադարեցվելու են բոլոր տեսակի խնջույքներն ու խրախճանքները: «Ժողովուրդ»-ը մի քանի հայտնի ռեստորաններից հետաքրքրվել է` վերջիններս ապրիլի 24-ին և դրան հաջորդող օրերին կաշխատեն, թե` ոչ:
Այսպիսով` «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրից մեզ պատասխանեցին, որ ապրիլի 23-ին, 24-ին, 25-ին չեն աշխատելու. «Ինչպես ողջ հանրապետությունում, մեզ մոտ էլ ոչ աշխատանքային օրեր են»,-ասացին համալիրից:
Մեկ այլ` «Հարսնաքար» ռեստորանային համալիրից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ ապրիլի 24-ին չեն աշխատելու, իսկ մնացած օրերին աշխատելու են. «Պատվեր էլ ունենք, բանկետներ են լինելու` առանց երաժշտության»,-ասացին ռեստորանից:
Իսկ ահա «Օջախ» ռեստորանային համալիրից մեզ հետևյալ պատասխանը տվեցին. «Ոչ մի առիթ չունենք այս մի քանի օրը, այնպես է, որ գործ չկա, մենք չենք բացում»: Տպավորություն ստեղծվեց, որ եթե գործ ու առիթ լիներ, ռեստորանը կգործեր իր բնականոն հունով:
«Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրից էլ մեզ տեղեկացրին, որ իրենք այս օրերին աշխատելու են առանց երաժշտության. «Մինչև ամսի 25-ը երաժշտություն չի լինելու, բայց աշխատելու ենք, մարդիկ, հնարավոր է, պարզապես ուզենան ճաշել»,-ասացին ռեստորանից:
Աննա Բաբաջանյան