
Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ (170-ից ավել) ԵԽ գրեթե բոլոր անդամ պետություններից, անգամ` Թուրքիայից:
Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հայտարարությունը շրջանառվելու է շուրջ 3 ամիս, ինչը նշանակում է` այն բաց է լինելու այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն դրան միանալ, իսկ այդպիսի անձանց քանակը քիչ չէ արդեն իսկ այս պահի դրությամբ:
«ԵԽԽՎ կանոնակարգային պահանջների պահպանմամբ այդ անձինք կմիանան հայտարարության տեքստին: Հայտարարության մեջ խոսվում է ցեղասպանությունների դատապարտման և ճանաչման անհրաժեշտության մասին ընդհանրապես և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին մասնավորապես»,-ասաց պատգամավորը: