Ապրիլի 22-ին Բրյուսելում` Ֆլանդրիայի խորհրդարանում ընդունվել է բանաձև, որով ճանաչվում և դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Armlur.am-ին Անտվերպենից տեղեկացրեց Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի համակարգող, «Նուարդ» հայկական միության անդամ Շահնուր Մինասյանը:
Վերջինիս փոխանցմամբ` բանաձևը ներկայացրել էր քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ններկայացուցիչ Վաարդ Կենեսը Բելգիայի «Նուարդ» հայկական միության նախաձեռնությամբ: Բանաձևին կողմ է քվեարկել 100, ձեռնպահ` 3 պատգամավոր, իսկ դեմ քվեարկող չի եղել:
Շեշտենք, որ ավելի վաղ Շահնուր Մինասյանը Armlur.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ իրենք պատրաստվում են խոշոր քայլ անել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում: Սակայն, այն ժամանակ վերջինս չբարձրաձայնեց այս մասին, քանի որ հնարավոր էր լինեին խոչընդոտներ թուրքական լոբբիի կողմից:
Եվ ահա, այս ընդունված բանաձևում մեկ անգամ ևս շեշտվում է, որ Թուրքիայում հայերի բնաջնջումը ցեղասպանություն էր, և որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ ու ընդունի ցեղասպանությունը: Հարցի նախապատրաստմանը օժանդակել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:
Քրիստինա Աղալարյան