
Armlur.am-ի տեղեկություններով՝ բրուցելոզի դեպքեր հայտնաբերվել են ոչ միայն ՀՀ Կոտայքի մարզի Սոլակում, այլև՝ նույն մարզի Ֆանտան, Բջնի եւ Արզական գյուղերում:
Բջնիի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մարդկանց շրջանում բուժզննում է անցկացվել եւ նախնական տվյալներով բրուցելոզի կասկածելի երեք դեպք է հայտնաբերվել:
Խնդրի առնչությամբ Armlur.am-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից հայտնեցին, որ Բջնիում բրուցելոզի 4 դեպք է արձանագրվել, որոնց էլ ենթարկել են հարկադիր սպանդի: Իսկ Ֆանտանի գյուղապետ Նորայր Կարապետյանի հետ Armlur.am-ին չհաջողվեց կապ հաստատել, քանի որ նա ՌԴ-ում էր:
Հիշեցնենք, որ նույն մարզի Սոլակ գյուղում օրեր առաջ արձանագրվել էր բրուցելոզի 22 դեպք: Այս գյուղում հիվանդության պատճառով հարկադիր սպանդի են ենթարկվել 7 խոշոր եղջերավոր եւ 25 մանր եղջերավոր անասուն: