Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ:
«Հայ եկեղեցին այս պարզ, սակայն խորիմաստ բառերով բնութագրում է սրբերին որպես Սորբ հոգու զորությամբ լցված, չարը հաղթող ու քրիստոնեական ճշմարտությունների հավերժացման համար իրենց անձերը ընծայաբերող վկաներ։
Այսպես են եղել սրբերը եկեղեցիների համայնքային կյանքի մեջ։ Սրբերը մեր կյանքը աստվածային ճշմարտություններով պայծառակերպող, մեր առջեւ երկնային դռներ բացող եւ մեզ դեպի քրիստոսակենտրոն «ճանապարհ, ճշմարտություն ու կյանք» առաջնորդող աստվածազգաց անձեր են։
Սրբերը աստվածային սրբության ճառագայթներն են մեր կյանքի ապականության դիմաց։ Երկնային լույսի ցոլքերն են մեր կյանքի խավարի դիմաց, երկրից երկինք բարձրացնող կամուրջ են մեզ երկնքից հեռացնող հոսանքների դիմաց։
Սրբերը հոգով հզորացած մեր կյանքի չարերի եւ չարիքների դիմաց շարականի բառերով «ամրության վահան են ընդդեմ անօրեն թշնամիների»։
Իրենց սրբակենցաղ կյանքով սրբերը մեզ մղում են երկնքից երկրի վրա ապրելու համար։ Բեթղեհեմի ճառագայթող արժեքներով շաղախելով մեր կյանքը, դավանելով մեր կյանքի ճշմարիտ ճանապարհը, եւ Քրիստոսի Ավետարանը որպես միակ ճշմարտություն աշխարհին հրամցված բոլոր տեսակի «ճշմարտությունների» դիմաց։
Իրենց հավատքի վկայության եւ արյան նահատակության, եւ որպես միջնորդներ ու բարեխոսներ Քրիստոսի մոտ սրբերը մեզ հրավիրում են իրագործելու մեր աստվածատուր կոչումը այս երկրի վրա որպես Աստծո Որդու դեսպաններ։
Առանց սրբերի սրբացնող ներկայության աննպատակ է մեր կյանքը։ Առանց սրբերի ոգեշնչող զորության աղքատ է մեր կյանքը։ Այսպես են եղել սրբերը մեր եկեղեցիների կյանքի մեջ։ Նայեցեք մեր պատմությունը։
Մեր սրբերը լոկ ժողովական որոշումով եւ կանոնական գործընթացով չեն սրբացվել։ Մեր սրբերը իրենց սրբակենցաղ կյանքով մեր ժողովրդի կյանքի մեջ եւ մեր ժողովրդի կողմից են սուրբ նկատվել, ապա միայն եկեղեցական իշխանության կողմից։ Մեր սրբերը սոսկ ծես եւ պատկեր չեն եղել, պատմություն եւ հիշատակ չեն դարձել։ Իրենց հավատքի վկայությամբ մեր սրբերը գոյութենական եւ ներզոր ներկայություն են դարձել յուրաքանչյուր հայի համար։
Նույնն է նաեւ Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն նահատակների դեպքում։ Հարյուր տարի շարունակ մեր նահատակները սրբացնող, հզորացնող ու կենսավորող ներուժ են դարձել յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության համար։ Իրենց արյան վկայությամբ մեր հավատքը ամրապնդվել է, գերագույն արժեքների եւ վեհ երազների համար, ապրելու ու պայքարելու մեր կամքը ուժեղացել է։ Հող եւ ունեցվածք կորցրած, եւ որբ ու գաղթական դարձած մեր ժողովրդին գոյատեւելու եւ իրավունքներին վերատիրանալու հույսը արդիական են պահել։
Այս պահին իր բյուրավոր նահատակների արյունով սեփական կյանքը թրծած եւ սրբերի աղոթքներով իր առաքելությունը կենսավորած մեր եկեղեցին սուրբ է հռչակում իրենց անձերը զոհաբերած Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին։
Սուրբ եկեղեցի, ուրախ եղիր, որովհետեւ քո սրբերի երկար շղթային գալիս են միանալու մեր հոգեւոր արժեքների եւ ազգային գաղափարների հավերժացման համար իրենց անձերը որպես կենդանի պատարագ մատուցած մեր մեկուկես միլիոն նահատակները։ Ուրախ եղիր, հայոց ժողովուրդ, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի քաղաքներում եւ գյուղերում եւ Դեր-Զորի ավազներում ցեղասպան թուրքի յաթաղանի զոհ գնացած սիրելի զավակներդ այսօր միանում են սրբերին։ Ու միշտ հիշիր, հայոց ժողովուրդ, որ մեր նահատակները սուրբ հոգով զորացան, հաղթել են «չարի պատերազմին», որպեսզի մենք իրենք՝ իրենց զավակները հաղթենք նոր ժամանակների «չարի պատերազմին»։
Մեր նահատակները «իմացյալ մահով» են մահացել, որպեսզի մենք հավատքի կյանքով ապրենք, գործենք ու ստեղծագործենք։
Մեր նահատակները մեր ազգի գերագույն գաղափարների համար են իրենց արյունը թափել, որպեսզի մենք նույն տեսիլքով ու հանձնառությամբ պայքարենք։
Հարյուր տարի, հայ ժողովուրդ, հիշել ես քո նահատակներին ու հավատարիմ մնացել նրանց նվիրական ժառանգությանը, պատիվ ու հարգանք է միշտ հիշիր սրբացած նահատակներիդ, որովհետեւ նրանց արյունը պիտի դառնա քո զորությունը եւ հաղթանակիդ երաշխիքը։
Միշտ հիշիր նահատակներիդ եւ միաժամանակ հիշեցրու աշխարհին, որ նրանք անցյալին չեն պատկանում, սոսկ պատմություն եւ հիշատակ չեն, այլ ապրում են յուրաքանչյուր հայի կյանքի մեջ։ Մեր նահատակները ապրում են մեր կյանքում, որպես անլռելի զանգակատուն ի նշան մեր բռնաբարված արդար իրավունքների ձեռքբերման եւ մեծ պայքարի մղող։ Մեր նահատակները ապրում են մեր կյանքում որպես կամքի դարբնոց, մեր պահանջատիրական կամքը ներկայացնող։ Մեր նահատակները ապրում են մեր կյանքում որպես լուսատու աղբյուր, մեր քրիստոնեական լույս ամրապնդող։
Հայ եկեղեցու սրբեր, այս պահին աշխարհացրիվ հայությունը վերականգնում է իր ուխտը՝ հավատարիմ մնալու ձեր սրբազան կտակին եւ հավատքին ու հայրենիքի համար պայքարելու ու նույնիսկ արյուն թափելու ձեր հանձնառությանը։ Ինչպես ասում էր Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը «Ով պանծալի նահատակներ, երկնային հոր սիրելիներ որ Քրիստոսի հետ մկրտվեցիք ձեր արյունով, խաչի մահը հանձն առնելով։ Տիրոջ մոտ բարեխոսեք եկեղեցու զավակների համար»։
Եղեք պահապան ու պաշտպան «Քրիստոսի վկաներ ու նահատակներ», մեր ազգին ու հայրենիքին։