«Ժողովուրդ»-ի խմբագրությունը մի անանուն նամակ է ստացել ՀՀ ԱԺ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներից, որում մարդիկ դժգոհում են ԱԺ-ի ճաշարանում տիրող իրավիճակից: Նամակագիրներն իրենց անունը չեն նշել՝ պատճառաբանելով, թե դա անում են՝ իրենց անվտանգությունից ելնելով:
Նամակում մասնավորապես ասվում է. «Մենք՝ Ազգային Ժողովի մի խումբ աշխատողներս, բազմաթիվ անգամ նամակով դիմել ենք ՀՀ ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանին եւ մեր դժգոհությունն ենք հայտնել ՀՀ ԱԺ ճաշարանի ճաշերի որակի եւ բարձր գների վերաբերյալ, բայց, ինչպես տեսնում ենք, սայլը տեղից չի շարժվում: Մենք նախագահին ուղղված բազմաթիվ նամակներում մանրամասնել ենք վերջին դեպքերի մասին, թե ինչ է կատարվում ՀՀ ԱԺ ճաշարանում: Սակայն ԱԺ ճաշարանի վարիչ Սարգիսը հայտարարել է, որ իրեն հովանավորում է ՀՀ ԱԺ նախագահի թիկնապահ պարոն Բագրատը, եւ ինքն անձեռնմխելի է: Քանի կա Բագրատը, իրեն ոչ ոք չի կարող նեղացնել»:
Նամակագիրները հավելել են. «Մենք գիտենք, որ պարոն Աբրահամյանը ոչ մի կապ չունի ճաշարանի գործունեության հետ, բայց կան մարդիկ՝ նրա իսկ ենթակաները, որոնք, օգտվելով իրենց պաշտոնից, չարաշահում են իրենց դիրքերը: Բերենք վերջին 2-3 ամիսներում տեղի ունեցած թարմ օրինակներ. ճաշարանի բաժնի աշխատակցուհիները նույն ապրանքը մեկին մի գին են հաշվում, մյուսին՝ մեկ այլ գին, նաեւ ընդհանուր գումարի մանրը չեն վերադարձնում անգամ պահանջելու դեպքում: ՀԴՄ կտրոնի մասին խոսելը լրիվ անիմաստ է, քանի որ կտրոն ընդհանրապես չեն տալիս»:
Վերջում ԱԺ աշխատակիցները նշում են, որ խորհրդարանի նախագահի նամակների բաժնի աշխատակիցները, ՀՀ ԱԺ նախագահի օգնականները, հատկապես ԱԺ գործերի կառավարիչ պարոն Համիկը (Հմայակ Մկրտչյան), «ՀՀ ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանին հասցեագրված ճաշարանի մասին նամակները թաքցնում են եւ չեն զեկուցում»:
Այս մասին փորձեցինք մեկնաբանություն խնդրել ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Հրայր Զորյանից, որն ասաց, թե իրենք անանուն գրություններին չեն պատասխանում:
Թեեւ լավ կլիներ, որ պարզաբանեին, քանի որ բարձրացված խնդիրներն իսկապես գոյություն ունեն ԱԺ ճաշարանում. դրանք բազմիցս արձանագրել են նաեւ «Ժողովուրդ»-ի աշխատակիցները:
ԱԺ ՃԱՇԱՐԱՆՈՒՄ «ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ» Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ