ՈՏՔԻ ՉԷՐ ԿԱՆԳՆԵԼ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ է քվեարկել շատ ուշագրավ պատճառով: Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ԱԺ առաջին նիստի օրը, երբ դահլիճ է մտել Սերժ Սարգսյանը, Օսկանյանը եղել է միակ պատգամավորը, որ ոտքի չի կանգնել: Մեր հարցին, թե այդ արարքի մեջ ինչ կրիմինալ բան կա, Աղաբաբյանը նշեց. «Կրիմինալ չէ, բայց մարդը երբ որ արհամարհում է իր կուսակցական ընկերներին, դիմությանն ու ընդդիմությանը, նախագահին, մարդն ինքն իրեն էլ չի հարգում»:
ՈՒԺԵՂ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միջեւ սկիզբ առած խմորումներին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե նման դեպքեր լինում են, երբ քաղաքական ուժերը չեն կարողանում հետեւել պայմանավորվածություններին: Սակայն Սահակյանը հայտարարեց, թե կուզենար «Ժառանգությանը» տեսնել կուռ եւ միասնական: Նա հերքեց լուրերը, որ այդ տրոհումների թիկունքում կանգնած են իշխանությունները՝ ՀՀԿ-ն:
ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ԲՀԿ-ն բոյկոտեց նաեւ ԱԺ քառօրյայի վերջին նիստը: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ԲՀԿ խմբակցությունից որեւէ պատգամավոր ոտք չդրեց ո՛չ ԱԺ շենք, ո՛չ ԱԺ նիստերի դահլիճ: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջիկայում քննարկելու են այս հարցերը, եւ ԲՀԿ խմբակցությունը կորոշի՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային:
ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ։ Կարապետյանն ունի մի քանի բարձրագույն կրթություն, տիրապետում է 6 լեզվի: Հիշեցնենք, որ մինչեւ «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելը Դ. Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն էր:
ՄԻ ՔԻՉ ԲԻԶՆԵՍՈՎ ԿԶԲԱՂՎԻ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, անդրադառնալով վերջերս պաշտոնանկ արված եղբոր ճակատագրին, ասել է. «Տենց շտապ էր, հա՞, որ անպայման աշխատանքի պիտի անցներ, թող բիզնեսով զբաղվի մի քիչ»:
ՄԻԱԿ ԹԱՍԻԲՈՎԸ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ կատարած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման։ Դատարանի վճռով Սամվելյանը նաեւ պետք է 200 հազ. դրամի չափով տուգանք վճարի:
ԵՐՐՈՐԴ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
«Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունն արդեն երրորդ պարզաբանումն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կողմից մամուլում արված հայտարարությունների վերաբերյալ։ Պարզաբանման մանրամասներին կարող եք ծանոթանալ armlur.am կայքում:
ԼԵՎՈՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլուն: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած փայլուն հաղթանակի առթիվ։ Ձեզ եւ Ձեր ղեկավարած կոալիցիային անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ առաջիկա գործունեության մեջ՝ ի շահ վրաց պետականության եւ հայ-վրացական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման»:
ԾԵԾԵԼ Է ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հարությունյանն իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել եւ բռունցքներով ու ոտքով հարվածելով՝ աշխատասենյակից դուրս է հանել «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ անդամ 62-ամյա Գալուստ Կիրեղյանին:
Ըստ «Առավոտ»-ի նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս փորձել է հետաքրքրվել, թե ինչու է ուշանում քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշումը՝ երեք դեռահաս երեխաներին մոր հետ տեսակցելու կարգ սահմանելու մասին:
ԱԶԱՏԵՑԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ՕԵԿ-ական Գագիկ Ստեփանյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Մարզպետունի Մանուկյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։