Ելիսեյան պալատը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարելիք այցի օրակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, Ֆրանսիայի նախագահը նախ` կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան, այնուհետև կմասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: Օլանդը ներկա կլինի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների պատվին տրվելիք պաշտոնական ճաշին:
Այնուհետև Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստանի ֆրանսիական համալսարան: Ֆրանսուա Օլանդը Երևանում երկկողմ հանդիպումներ կունենա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: