ՄԻ ԿԵՐՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող մեծամասնությանը հազիվ հաջողվեց ընդունել 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Բանն այն է, որ ՀՀԿ-ում երեկ շատ էին բացակաները, եւ վտանգ կար, որ քվորումի բացակայության պատճառով այդ հարցը կտապալվեր: Այդ պատճառով էլ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անձամբ էր փորձում խորհրդարանական ընդդիմությունից ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը» համոզել՝ մասնակցել քվեարկությանը՝ թեկուզ եւ դեմ քվեարկելով, միայն թե ապահովվի քվորումը: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ նա ԱԺ կանաչ միջանցքում «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանին եւ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանին համոզում էր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում՝ իշխանություններին հաջողվեց այդպես 70 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Ռ. Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրերը՝ ասելով, թե Աբրահամյանն իրենց նման բան չի խնդրել: Հերքեցին նաեւ ՀՅԴ-ից:
Հավելենք, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը բոյկոտեցին քվեարկությունը: Միայն Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց: Ավելի ուշ նա «Ժողովուրդ»-ին պարզաբանեց, որ վերջին պահին հենց ոտքի վրա որոշեց քվեարկել. «Ես հասցրի քվեարկել միայն վերջին վայրկյանին: Արդյունքում բյուջեի կատարողականը ստացավ 69 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ: Հակառակ դեպքում կստացվեր 69 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ, եւ որոշումը կընդունվեր առանց դեմերի»:




Լրահոս