Թերեւս չկա մի հայ, ում նախնիներից մեկն ականատես եղած չլինի 20-րդ դարի մեծագույն ոճրագործությանը` Հայոց ցեղասպանությանը: Շատերիս տներում հնարավոր է գտնել իրեր, որոնք եկել-հասել են մեզ գաղթի ճանապարհից, մեր մեծերից կարելի է լսել երգեր, որոնք աղոթքի պես հառնում են երկինք, եւ վերջապես ամեն ընտանիք էլ ունի մի հուզիչ պատմություն` կապված իրենց չսպիացած վերքերի հետ:
Երգիչ, կիթառահար, «Բարդերի ակումբ»-ի անդամ Արմեն Ադամյանը փոքրուց լսել է Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված պապի, տատի ու հոր պատմությունը: Նրա հայրական կողմի նախնիները սերում են Ղարսի վիլայեթի Աքրագ գյուղից:
«Պապս ղարսեցի Հաջի Կարապետն էր` ֆիդայական շարժման մասնակիցը, Անդրանիկի աջ թեւը: Ես ունեցել եմ վեց հորեղբայր եւ վեց հորաքույր, պապիս ու տատիս 13-րդ զավակը հայրս է եղել, ով 1915-ին 3 տարեկան էր»,-«Ժողովուրդ»-ին պատմեց երգիչը:
Նրա խոսքով` իր հորաքույրների ու հորեղբայրների մի մասը Ցեղասպանության հետեւանքով զոհվել են, մյուս մասը` անհետ կորել: «Երբ թուրքերն ու քրդերը երկու կողմից պաշարել են Արաքս գետը, հայերի մի ամբողջ ջոկատ ընկել է շրջափակման մեջ, այնպես է ստացվել, որ պապս, տատս ու հայրս հայտնվել են առանձին մի օղակի մեջ: Տատս պապիս ասել է` Կարո, մենք նրանց չենք հանձնվի, ես երեխայիս կխեղդեմ, դու ինձ կգնդակահարես, հետո էլ քեզ կկրակես…Իսկ պապս, լինելով հնարամիտ ղարսեցի, մի պահ աչքի տակով նայել է շուրջը, տեսել է, որ իրենք դարավանդի կողքին են կանգնած, հրացանը քաշել է նրանց վրա, իբրեւ թե կրակում է, եւ հանկարծ տատիս ու հորս ոտքով հարվածել, նետել է ջուրը: Տատս երեխայի հետ զառիվայրի 20-25 մետր բարձրությունից ընկել է գետը: Եվ քանի որ ինքն էլ ձկնորսի աղջիկ էր, լավ լողալ գիտեր, կարողացել է փրկել իր ու հորս կյանքը: Նրանց հաջողվել է շրջափակումից դուրս պրծնել ու անցնել մյուս ափ»,-պապի պատմածը հիշեց Ա.Ադամյանը:
Հետո անցել են տարիներ, երգչի պապը, տատն ու հայրը իրար կորցրած են եղել, նրանց միջեւ կապ չի եղել: Եվ երբ 1920-ականներին ամերիկյան գնացքներով հավաքելիս են եղել հայ որբերին, որպեսզի ուղարկեն Ամերիկա, Ա.Ադամյանի պապը ժամապահ է նշանակվել դրանցից մեկի մոտ: «Մեկ էլ պապս կարծես բնազդաբար գրկել է մի որբուկի, հարցրել, թե ինչ է նրա անունը, սա թե` Արամիկ, հետո ճշտել է նրա տատի անունը ու հասկացել, որ գտել է որդուն… Տատս այդ ժամանակ կայարանում է եղել, հետագայում նրանք երեքով հանդիպել են, գտել են իրար, Սուրբ Խաչ գյուղում տուն են հիմնել, ուրիշ երեխաներ են ծնել…»,-պատմեց երգիչը:
Նրա խոսքում, սակայն, մի անհուն կարոտ կար կորցրած նախնիների նկատմամբ. «Հորեղբայրներիս ու հորաքույրներիս մի մասին կորցրեցի Եղեռնի ժամանակ, իսկ հետագայում ծնված հորեղբայրներս էլ զոհ գնացին Հայրենական Մեծ պատերազմում, ճիշտ է` հայրս կռվեց ու հետ եկավ, բայց ես ամբողջ կյանքում կարոտ մնացի զարմիկներիս, որոնք այդպես էլ չծնվեցին…»,-ասաց նա:
Աննա Բաբաջանյան