1895-1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի և երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի: Այս մասին հիշեցվում է ՀՀ ԵԿՄ նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ուղերձում: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նրա ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների, եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից , ի շարունակություն մեր դեռ երկու տարի առաջ սկսած միջոցառումների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս ուղերձն եմ հղում հայ ժողովրդին ու առաջադեմ համայն մարդկությանը: Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:
Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև՝ հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը՝ անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: 1895 – 1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի և երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի: Այո՛, ապրիլի 24-ը մեզ, հայերիս համար, ոչ այնքան սգո, որքան որ պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է: Հակառակ Օսմանյան կայսրության և թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մաքառեց և 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ:
Թուրք – ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության շնորհիվ ազատագրվեց Արցախը, և որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից՝ հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ: Մեր պայքարը մեր ինքնության պահպանման ու մեր պատմական հայրենիքի համար շարունակվում է: Այսօր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեր առջև բացվում են պատմական ճշմարտության վերականգման հորիզոնները, և անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության ու մեր պետության շուրջ համախմբման են կոչում: Մենք շնորհակալ ենք առաջադեմ մարդկությանը սրտացավ ու արդարամիտ պահվածքի համար: Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի ելույթը, Եվրախորդարանի ընդունած վերջին բանաձևը, երկու տասնյակից ավելի պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջադեմ մարդկության արդարացի մոտեցումն են:
Մենք կարծում ենք, որ այդ մոտեցումը կշարունակվի այնքան, մինչև Թուրքիան հարկադրված կգնա համապատասխան զիջումների, փոխհատուցման, հայկական պատմական տարածքների վերադարձման: Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ և հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը: Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների, երկրապահ կամավորականների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում՝ հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը:
Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ և որի ուժը համայն հայության միասնությունն է: Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 22-23-ը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում կազմակերպված ,, Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հինգ տասնյակ երկրներից միջազգային հանրության կողմից ճանաչված 600 մասնակիցների երկօրյա գլոբալ ֆորումի ընդացքում հնչած կոչերն ու ուղերձերը: Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեր միլիոն ու կես նահատակները, մի սրբազան արարողություն, որ վերջին անգամ կատարվել է 400 տարի առաջ: Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 23-ի երեկոյան ժամը 19:15 համայն աշխարհով սփռված Հայոց և տարբեր այլ քույր եկեղեցիների զանգերի 100 ղողանջները: Միասնությամբ մենք կհասնե՛նք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը: Միասնությամբ մենք կպաշտպանե՛նք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի: Ուրեմն, միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, արդարացի պահանջատիրության ապահովման ու մեր պատմական տարածքների փոխհատուցման»:
ՀՀ ԵԿՄ նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ , ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյան