Ուկրաինան որքան հնարավոր է շուտ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ուկրաինացի քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի քաղաքագետ Օլեքսանդր Պուխկալը կարծում է, թե Ուկրաինան որքան հնարավոր է շուտ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Armlur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ հարցի վրա ազդեցություն է թողել Ղրիմի բռնակցման վերաբերյալ դիրքորոշումը:

– Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն օրեր առաջ հույս էր հայտնել, որ Ուկրաինան, որպես եղբայրական երկիր, կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչն է Ուկրաինային խանգարում անել դա:

– Ուկրաինայում կասկած չկա, որ հայ ազգի ցեղասպանությունը, որը սկսվել է 1915թ.-ին՝ Թալեաթ փաշայի և Էնվեր փաշայի հրամանով, մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Օսմանյան կայսրության ղեկավարների հայերի դեմ ուղղված գործողությունները չեն կարող որևէ արդարացում ունենալ: Ինչպես հայտնի է, հայերի զանգվածային սպանություններ եղել են նաև 1894-1896թթ., իսկ 1915թ. ապրիլից սկսվեց Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի իսպառ ոչնչացումը: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա, որ Ուկրաինան պաշտոնապես ճամաչի Հայոց ցեղասպանութունը, և դա պետք է տեղի ունենա որքան հնարավոր է արագ: Ուկրաինայի քաղաքացիական հասարակությունն էլ կնպաստի այդ ամենին:

– Իսկ Հայաստանի վերաբերմունքը Ղրիմի հարցին խանգարո՞ւմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 

– Այն, որ Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ նրա նախագահն ընդունել է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, միանշանակ հետք է թողնում հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, ինչու չէ, նաև 1915թ. դեպքերի ճանաչման առումով:

– Իսկ որքանո՞վ է ցեղասպանության թեման մոտ ուկրաինական ազգին, որն էլ Գոլոդոմոր է ունեցել: 

– Ցավոք, ուկրաինական ԶԼՄ-ները հայոց ցեղասպանության թեմային քիչ ուշադրություն են դարձնում: Նույնիսկ 100-ամյակի մասին է քիչ խոսվում: 1933թ. Գոլոդոմորը մեզ մոտ շատ է ուսումնասիրվել, իսկ Հայաստանի իրադարձությունները՝ ոչ: Այստեղից էլ առաջանում է վերաբերմունքը:

– Իսկ Ուկրաինային ի՞նչ է տալիս Թուրքիան և արդյոք վերջինիս հետ հարաբերությունների պահպանումն է հիմք, որ Ուկրաինան չճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրությունը չէ: Ուկրաինան զարգացնել և դեռ զարգացնելու է հարևանական հարաբերություններ Թուրքիայի հետ: Բոլոր պետությունները պետք է փոխեն քաղաքականությունը և կոնֆլիկտները փորձեն լուծել կառուցողական միջոցներով: Թուրքիան այս հարցում փոխվում է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս