««Հայռուսգազարդ»-ը գերադասում է շահույթ ստանալու համար ճանապարհի վրա մի գազալցակայան ավելի դնել, քան մի ամբողջ գյուղ գազաֆիկացնել: Այդ ընկերությունը գազ ծախող հիմնարկ է ու պիտի շահագրգռված լինի բնակիչներին գազ տալ, որ նրանք ստիպված չլինեն 21-րդ դարում աթար կամ փայտ վառել»,-ասում է Երազգավորս համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:
Երազգավորս գյուղական համայնքը գտնվում է Շիրակի մարզի հարավարեւմտյան հատվածում, ծովի մակերեւույթից 1520 մ բարձրության վրա: Գյուղը կառուցվել է 1976-84թթ.: Հիմնականում մեկ-երկուհարկանի առանձնատներ են` կառուցված Արթիկի տուֆից: Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ Երազգավորսը եղել է Բագրատունի թագավորների ամառային նստավայրը: Համայնքը մարզկենտրոնից գտնվում է 11 կմ հեռավորության վրա: Արեւմուտքից սահմանակից է Թուրքիային: «Չնայած մեր գյուղն ունի սահմանամերձ համայնքի կարգավիճակ, սակայն ոչ մի արտոնությունից չի օգտվում: Դիմել եմ կառավարությանը, ասել են, որ նման արտոնություններ տրվում են հայ-ադրբեջանական սահմանին կից համայնքներին»,-ասում է գյուղապետը:
Երազգավորսի տարածքը կազմում է 70 հա: Բնակիչների մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանի Մշո գավառից: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ, որը նրանց եկամուտի աղբյուրն է: Համայնքն ունի 1694 բնակիչ: Նախորդ տասը տարիների համեմատությամբ բնակչության թիվը նվազել է շուրջ 100-ով: Չնայած բնակչության թվի կրճատմանը՝ դպրոցականների թիվը հաշվետու ժամանակահատվածում գրեթե չի փոխվել: Գյուղապետը դա կապում է ծնելիության աճի հետ: Ներկայում աշխատատեղեր չլինելու պատճառով համայնքի տղամարդկանց հիմնական մասը` մոտ 250-300 հոգի, մեկնում է արտագնա աշխատանքի: «Չնայած համայնքում ապրելը դժվար է, բայց փառք Աստծո, արտագաղթ չկա: Մեր ջահելները գյուղը չեն թողնում գնում: Ամուսնանում են, երեխաներ ծնում, իրենց հաց ու ջրով, նամուսով իրենց հողում ապրում»,-ասում է Մխիթարյանը եւ հավելում, որ արտագնա աշխատանքի մեկնողները պարտադիր վերադառնում են: Իսկ այն մարդիկ, որոնք ի վիճակի չեն երկրից հեռանալ, մնում են ու զբաղվում գյուղատնտեսությամբ:
«Գյուղը Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով տեղափոխվեց ներկայիս տարածք: Ցավալի է, բայց համայնքապատկան մոտ 500 հա ընտիր հողը, որ բարենպաստ էր հողագործության եւ անասնապահության համար, մնաց ջրամբարի ջրերի տակ: Այսօր Երազգավորսը համարվում է Շիրակի մարզի ամենասակավահող համայնքներից մեկը: Սեփականաշնորհված մեկ հողաբաժինը կազմում է ընդամենը 0,34 հա: Դա քիչ է, քանի որ մեր համայնքում գյուղատնտեսությունն արդարացնում է իրեն, գյուղացին էլ կապված է հողին»,-նշում է գյուղապետը: Նրա վկայությամբ՝ համայնքի վարելահողերը գտնվում են սահմանային շերտում՝ փշալարերից ներս, որոնց մշակության համար կան դժվարություններ` կապված սահմանային ռեժիմի հետ: Համայնքը հողատարածքներին կապող կամուրջը «պատկանում է սահմանապահ զորքերին», եւ Մխիթարյանի խոսքով՝ նաեւ երբեմն նրանց հայեցողությունից է կախված հողատարածքներ անցուդարձի հնարավորությունը:
Երազգավորսում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 182 դպրոցականներ: Այս տարի դպրոց է հաճախել 13 առաջին դասարանցի նախորդ տարվա 15-ի փոխարեն: Մշակույթի տունը 1988թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով դարձել է վթարային եւ գտնվում է շատ անմխիթար վիճակում: Մանկապարտեզը գործում է դպրոցի, իսկ բուժկետը՝ գյուղապետարանի շենքում: Ենթակառուցվածքներն էլ, ըստ գյուղապետի, գտնվում են սարսափելի վիճակում: «Ներհամայնքային ճամփեքի ասֆալտից «ա» տառն է մնացել, կոյուղագծերը չեն գործում, հիմնախնդիր է խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Գյուղտեխնիկան մասնավոր է, եւ նրանց տերերի քմահաճույքից է կախված դրանց օգտագործումը: Մի խոսքով՝ ստիպված ենք հարմարվել պայմաններին: Սակայն կան հիմնախնդիրներ, որոնց հետ չենք ուզում հարմարվել: Օրինակ՝ չունենք գազաֆիկացիա: 21 տարի է՝ գյուղապետ եմ, դիմել եմ նախագահին, կառավարություն, ԱԺ, ամեն ընտրությունից առաջ խոստանում են լուծել այս հարցը, բայց էդպես էլ խոստում է մնում,-ասում է գյուղապետը եւ հավելում,-նախագահականի նախաշեմին նրանք պարտավոր են գազի հարցը լուծել: Ունեմ նախագծային նախահաշվարկ, 49 մլն-ով գազ կունենանք, սակայն ե՛ւ IFAD-ը, ե՛ւ «Հայռուսգազարդ»-ը ձգձգում են էս հարցը: Դե, այս հիմնարկը գերադասում է 2 գազակայան դնել, ավելի շատ շահույթ ստանալ, քան մի ամբողջ գյուղի գազ տալ»:
Իսկ առայժմ Երազգավորս համայնքում աթար են վառում կամ ջերմանալու համար վառելափայտ ձեռք բերում՝ մենքնան նվազագույնը 20 հազար դրամով:
«ԱՍՖԱԼՏԻՑ «Ա» ՏԱՌՆ Է ՄՆԱՑԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ