
Տավուշի մարզի Այրում քաղաքի միջնակարգ դպրոցի շենքում շուրջ 10 տարի է` զուգարան չի գործում: Դպրոցի շուրջ 350 աշակերտներն իրենց բնական կարիքները հոգում են դպրոցական շենքից դուրս գտնվող, սանիտարական պահանջներին չբավարարող զուգարանում: 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ այրումցիներին խոստացվել էր, որ ՀՀԿ-ին ձայն տալու դեպքում դպրոցի ներսում զուգարան կգործարկվի: Մայիսի 6-ի ընտրություններում Այրումում ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ավելի շատ ձայներ է ստացել: Դրանից հետո քաղաքում ՀՀԿ ակտիվիստները հայտարարել են, որ այդ պատճառով դպրոցում զուգարան չի կառուցվի: Այրումի միջնակարգ դպրոցի տնօրեն Արարատ Բաղինյանն ասել էր, որ զուգարանի կառուցումը ՀՀԿ-ին տրված ձայների հետ կապ չունի: Նրա խոսքով՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը խոստացել էր, որ սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, դպրոցի զուգարանը պատրաստ կլինի: Նշենք, որ մարզպետ Ղուլարյանը ՀՀԿ Տավուշի մարզային խորհրդի նախագահն է: Հիմա հոկտեմբերն է, սակայն զուգարանը պատրաստ չէ: Արարատ Բաղինյանն ասաց, որ զուգարանի շինարարությունն ընթացքի մեջ է, պարզապես իրենք չեն կարողանում գտնել զուգարանի հատակը եւ պատերը սալիկապատող վարպետների: