Օգոստոսի 3-ին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ էին ժամանել Հայաստանում եւ արտերկրում բնակվող չինարեցիներ ու բազում հյուրեր` մասնակցելու նորակառույց խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, խաչքարի կառուցման նախաձեռնության հեղինակը ծնունդով չինարեցի, Կրասնոդարի երկրամասի բնակիչ Անդրանիկ Պետրոսյանն է: Արարողությունը սկսվել է տեր Արամ քահանայի մատուցած պատարագով եւ օծման սուրբ կարգով: Դրանց հաջորդել է մատաղի օրհնությունը, որից հետո եղել է մեծ հյուրասիրություն: Միջոցառմանը շուք է տվել «Սասուն» երգի-պարի ազգագրական համույթը: Վերջին տարիներին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ Մովսեսում, Բարեկամավանում, Կոթիում, Սեւքարում, Ոսկեվանում եւ այլուր, եկեղեցիներ, մատուռներ են բացվում, խաչքարեր օծվում, սահմանամերձ Կողբ գյուղում էլ հիմա երկու մատուռ է կառուցվում: Մինչդեռ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում են, որ իրենց ամենից շատ աշխատատեղերի բացակայությունն է մտահոգում: Այդ պատճառով սահմանագոտուց, թեեւ դանդաղ տեմպերով, սակայն արտագաղթը շարունակվում է: Ուստի լավ կլիներ, որ մատուռներ բացելուց զատ, արտերկրում բնակվող մեծահարուստ տավուշցիները մտածեին նաեւ աշխատատեղեր բացելու մասին:
Տավուշ