Գերմանական Deutsche welle պարբերականը գրում է, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սկսվել է քրիստոնյա հայերի զանգվածային կոտարածը:
«Ժամանակակից Թուրքիայում մինչ օրս էլ հրաժարվում են այդ հանցագործություններն անվանել ցեղասպանություն՝ չնայած աշխարհում գնալով ավելի շատ մարդիկ են օգտագործում հենց այդ բառը»,- գրում է գերմանական պարբերականը և ամփոփում, թե այսօր՝ 100 տարի անց, ինչ են խոսում Հայոց ցեղասպանության մասին:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այս տարի օգտագործեց Սուրբ Հարության տոնի հանդիսավոր արարողությունը, որպեսզի կատարի քաղաքական հայտարարություն: Նա Օսմանյան կայսրության տարիներին հայ քրիստոնյաների արյունահեղությունը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Պատասխանելով Թուրքիայի քննադատություններին՝ Հռոմի պապը նկատել է.
«Լռել այն մասին, ինչ մենք տեսել ենք ու լսել, չենք կարող»:
Պուտինի այցը հետաքրքրություն է հարուցել
Ռուսաստանի նախագահը Հայոց ցեղասպանության մասին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հայ ժողովրդի ցեղասպանության պես չարագործությունները երբևէ չկրկնվեն:
«1915-ի ապրիլի 24-ը վշտալի տարեթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` հայ ժողովրդի ցեղասպանության հետ: 100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում ընկալել են իբրև սեփական ցավ ու աղետ» ,- ասել է Պուտինը:
Մենք կիսում ենք հայերի երեխաների ու թոռների ցավը
«Թուրքիայի իշխանությունները նախկինի նման կտրականապես հերքում են 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության փաստը: Անկարան, սակայն 100 տարի առաջ արված զոհերի ժառանգներին վերջերս ընդառաջ քայլ արեց: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր ցավակցություններն հայտնեց այս խոսքերով.
«Մենք կիսում ենք հայերի երեխաների ու թոռների ցավը, ովքեր զոհվեցին 1915 թ. արտաքսումների ժամանակ»: «Ցեղասպանություն» բառն այդպես էլ չի հնչել:
Ընդդեմ մարդկության հանցագործություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մուն առաջարկել է Թուրքիային ու Հայաստանին իր միջնորդական ծառայությունները: 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին նա որակել է որպես «վայրագություններ» ու «ընդդեմ մարդկության հանցագործություն» : Հայաստանն ու Թուրքիան, նրա խոսքերով, պետք է շարունակեն երկխոսությունը պարզ նպատակով՝ կանխելու ապագայում նման «ողբերգական իրադարձությունները»:
Գերմանացիներս պետք է միասնական աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն և հայտարարել, որ Գերմանիան ևս պատասխանատվություն է կրում դրա համար: