Օրերս Լոնդոնի Barbican արվեստի կենտրոնում տեղի է ունեցել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի համերգը. BBC հեռուստաընկերությունը, անդրադառնալով լեգենդար երաժշտի համերգին, նշել է, որ հենց Գասպարյանի կատարումներն են զարդարել Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմը, եւ որ 84-ամյա երաժիշտը շարունակում է ակտիվ համերգային գործունեությունը:
Աղբյուրը նկատում է նաեւ, որ արդեն 10 տարի է՝ շարունակվում է Գասպարյանի եւ իրանցի նշանավոր երաժիշտ Հոսեյն Ալիզադեի համագործակցությունը. Barbican արվեստի կենտրոնում նրանք միասին ելույթ էին ունեցել: Իսկ ահա լրագրող Մարկ Գրիգորյանի դիտարկմանը, թե Գասպարյանը ելույթ է ունենում ադրբեջանցի, թուրք եւ պարսիկ երաժիշտների հետ, Ջիվան Գասպարյանը պատասխանել է, որ ինքը «խնդիր չունի». «Ես կարող եմ ելույթ ունենալ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ եւ այնպես եմ կատարում իրենց իսկ երաժշտությունը, որ իրենք էլ զարմանում են, թե օտարականն ինչպես է կարողանում այդպես նվագել… Սայաթ-Նովան ասել է. «Աստված սիրե, հոգի սիրե, յար սիրե»: Հենց այդպես պետք է ապրեն ազգերը»:
ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ