Սոցիալական ցանցերում օգտատերերը կիսվում են System of a Down ռոք խմբի համերգից իրենց տպավորություններով:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրել է. «Բրավո, SOAD! Աստված օրհնի հայերին և մեր սուրբ հայրենիքը»:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել է. «System of a Down-ի էպիկական համերգը Երևանի Հանրապետության հրապարակում, հորդառատ ու անդադար անձրևի տակ: Դա պետք էր տեսնել, դա պետք էր զգալ, դա պետք էր՝ թրջվել 🙂 Բրավո SOAD: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր հրապարակում էին: Կեցցե՛ Երևանը:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը գրել է. «Հետո չասեք, որ մենք արվեստը գնահատող երիտասարդություն չունենք, պարզապես արվեստ չենք ցույց տալիս, ուզում ենք գնահատեն, ավելին, երբ Թաթուլներին ու Ասատրյաններին, շոու բիզնես կոչվածի ճ կլաս երգիչներից վերև բեմ չենք կարողանում կառուցել դրա համար էլ մարդկանց սովորեցնում ենք այդ մակարդակին… Իսկ ընդհանրապես, Թանկյանն ու SOAD-ն այսօր գերազանցեցին Քայնե Ուեսթին. Կարապի լճի ջուրը վերևից լցրեցին վայբրանտ երիտասարդության գլխին…)) Անմեղ զոհերի հիշատակը միշտ վառ կմնա միայն ստեղծագործելով, արարելով, ապրելով, ապրեցնելով… Գոնե 100 տարի անց եկեք աշխարհում ճանաչվենք ու հիշվենք Թանկյանների պես պայծառ ու մեծաշնորհ դեմքերով, գիտնականներով, մշակույթով, սպորտով, և որ ամենակարևորն է ուժեղ, ժողովրդավար պետությամբ… Բավ է ողբանք, բավ է աղերսենք, բավ է ծնկի գանք ու բախտն անիծենք. վաղվանից սկսենք նոր կյանք մտնել, ամեն մեկս մի լույս վառել մեր քայլերով, մեր կեցվածքով…։ Մեր ռեսուրսն օգտագործելու ենք, ՉԿԱՍԿԱԾԵՔ…»:
Իսկ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է. «SOAD-ը ցնցեց Երևանը»: