«ԵԽԽՎ-ում թուրք և ադրբեջանցի պատվիրակներն արհամարհված են, նրանք չեն արձագանքում ոչ մի ելույթի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ եվրոպական երկրների կողմից նկատվում է փոփոխություն Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ, փաստ է: 100-ամյա տարելիցի նախաշեմին մի շարք երկրներ ճանաչեցին և դատապարտեցին այն, Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց, Հռոմի պապն օգտագործեց «ցեղասպանություն» բառը: Եվ ահա, այսօր գերտերություններից Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը 1915 թվականի իրադարձությունները անվանեց «ցեղասպանություն»:

Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երեկ ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տակ ստորագրել են մեծ թվով գերմանացի պատգամավորներ: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, այսօր այդ հայտարարության տակ ևս մի քանի գերմանացի պատգամավորներ են ստորագրել: «Այստեղ մեր գերմանացի գործընկերների մոտ ևս վստահ դիրքորոշում կա, որ ճանաչում կլինի: Պետք է ասեմ, որ ԵԽԽՎ-ում ակնհայտ բեկում է նկատվում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Կարծես` գալիս է այն պահը, երբ երկրները, որոնք քաղաքական կամ տնտեսական կապերով շաղկապված են Թուրքիայի հետ, հասկանում են, որ պատմական ճշմարտությունը չի կարող ստորադասվել տնտեսական և քաղաքական շահին»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Սակայն, Բունդեսթագը հետաձգել է բանաձևի վերջնական քննարկումը մինչև ապրիլի 30-ը: Դրա վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Պետք է սպասել բանաձևի վերջնական քննարկմանը: Այն ճնշումները, որոնք Թուրքիան է գործադրում Գերմանիայի վրա, աննախադեպ են: Անձամբ վարչապետ Դավութողլուն քանիցս է հարցը քննարկել Անգելա Մերկելի հետ: Բայց ես լսեցի Գերմանիայի խորհրդարանի նախագահի ելույթը, որտեղ ինքն ասաց, որ իրենք պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Գերմանիան իր մեղսակցությունը ևս ունի: Սա շատ կարևոր է: Մինչև բանաձևը քննարկման դնելը` Գերմանիան` որպես եվրոպական լոկոմոտիվ երկիր, պետք է հասկանա, որ ոչ մի տնտեսական և քաղաքական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:

Վերջինիս խոսքով` ԵԽԽՎ-ում Թուրքիայի և Ադրբեջանի պատվիակությունների անդամները որևէ կերպ չեն արձագանքել Գերմանիայի այս քայլերին: «Որևէ արձագանք իրենց կողմից չկա: Պիտի ասեմ, որ այս նստաշրջանում ադրբեջանցի և թուրք պատվիրակներն ուղղակի արհամարհված վիճակում են: Նույնիսկ, երբ մենք անընդհատ լիագումար նիստին խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիայի պատվիրակության որևէ անդամ ելույթ չունեցավ, չհակադարձեց, չասեց, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել: Միայն Շուշիում ծնված և մեծացած ադրբեջանցի պատվիրակ Ռոշան Ռեզաևը այդ մասին խոսեց և առաջարկեց բացել արխիվները: Այլ հարց է, երբ մեր գործընկեր Լևոն Զուրաբյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բոլորը ոտքի կանգնեցին, բացառությամբ Թուրքիայի պատվիրակության անդամների»,- մանրամասնեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում երեկ ընդունված հայտարարության տեքստը 3 ամիս բաց է ստորագրության համար:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս