Այն, որ Գյումրի քաղաքի ոչ բարեկարգ փողոցներով երթեւեկելը երթուղային վարորդների եւ ուղեւորների համար մեծ գլխացավանք է, գաղտնիք չէ: Սակայն խնդիրն առավել զգալի է, երբ անբարեկարգ փողոցներով երթեւկություն են իրականացում բարոյապես եւ ֆիզիկապես մաշված փոխադրամիջոցները: Գյումրեցիների կողմից չեն դադարում բողոքները՝ 24 համարի երթուղայինի հետ կապված: Բնակիչները ստիպված են բողոք-դիմումներ ներկայացնել քաղաքապետարան, որպեսզի վերջինս միջամտի խնդրի լուծմանը:
Տեղեկացանք, որ թիվ 24 երթուղին պատկանում է «Գյումրուն ամուր հիմք» ՍՊԸ-ին, որը 2012թ-ի հոկտեմբերի 2-ին 3 տարի ժամկետով շահել է երթուղու մրցույթը: Ընկերությունը ներկայումս երթուղին սպասարկում է 1998թ. արտադրության ավտոմեքենաներով՝ հակառակ ՀՀ Կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման 20-րդ կետի, ըստ որի՝ 15 տարին լրացած ավտոմեքենաները ենթակա չեն շահագործման եւ պետք է փոխարինվեն մեկամսյա ժամկետում:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տրանսպորտի եւ կապի բաժնից, պատասխանատուների կողմից բազմիցս զգուշացվել է «Գյումրուն ամուր հիմք» ՍՊԸ-ին այն մասին, որ թիվ 24 երթուղում գործող ավտոմեքենաները ենթակա են պարտադիր փոխարինման, սակայն մինչ օրս մրցութային հանձնաժողովին հայտ չի ներկայացվել ավտոմեքենաների փոխարինման համար: Գործող պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, սակայն սպասարկող ընկերության ներկայացուցիչները չեն ներկայանում նաեւ այս հարցի քննարկման համար:
Ներկա պահին այս բոլոր նյութերը գտնվում են քաղաքապետարանի իրավաբանական ապահովման բաժնում՝ վարույթ նշանակելու համար: Եթե ընկերության ներկայացուցիչները չներկայանան նաեւ վարչական վարույթի, Գյումրու քաղաքապետարանը պայմանագիրը լուծելու համար կդիմի դատարան: