Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի բնակիչներն արդեն երկար տարիներ է՝ ապրում են աշխարհից կտրված ու կղզիացած: ԽՍՀՄ տարիներին կաթի արտադրությամբ հայտնի բազմահազարանոց համայնքն այսօր դատարկվել է, բնակիչների թիվը չի անցնում 600-ը: Համայնքի խնդիրները շատ են, սակայն առաջնային է ճանապարհների հարցը: Գյուղացիները պատմում են, որ ձմռանը ճանապարհ չլինելու պատճառով հղի կնոջը սայլակով են հասցրել Հրազդանի ծննդատուն: Գյուղի դպրոց են հաճախում 76 աշակերտ, որոնք մեզ ուղեկցելով դպրոց՝ ներկայացրին շենքի անմխիթար վիճակը: Պարզվեց` դպրոցն անգամ զուգարան չունի, եւ աշակերտները ստիպված են տուն վազել: Նշենք, որ համայնքի մանկապարտեզը երկար տարիներ է՝ չի գործում շենքային նորմալ պայմանների բացակայության պատճառով: Գյուղի հերթական անլուծելի խնդիրներից են գիշերային լուսավորությունն ու աղբահանությունը: Կուտակված աղբը մեքենաները գալիս-տանում են տարին մեկ կամ երկու անգամ:
Համայնքապետ Արթուր Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիշերային լուսավորության եւ որոշ ճանապարհների խճապատման հարցն այս տարի պետք է լուծեն, բայց մնացած խնդիրները համայնքն իր աղքատիկ բյուջեով ի զորու չէ լուծելու: Համայնքապետն ավելացրեց նաեւ, որ Ջրառատի խնդիրները նախորդ երկու մարզպետների օրոք էլ ներկայացրել է մարզպետարան, սակայն ոչ մի արձագանք չի եղել: Թեեւ գյուղացիները նորանշանակ մարզպետից էլ առանձնակի ակնկալիքներ չունեն, այնուամենայնիվ, նրան նույնպես պատրաստվում են դիմել:
Արեւիկ Հակոբյան