Հասարակական-քաղաքական հայտնի գործիչները՝ Հայոց ցեղասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում հայտնի հասարակական-քաղաքական գործիչները սոցիալական կայքերի իրենց էջերում անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն Instagram սոցկայքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Թող վառ լինի Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը: Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պատմության ամենամութ անկյունները ճանաչելն ուժեղներին բնորոշ երևույթ է: Վստահ եմ, որ Թուրքիան մի օր կճանաչի պատմության այդ սոսկալի պահը` չնայած, որ առայժմ Թուրքիայի կառավարությունն օգտագործում է «շատ թուրքերի էլ են պատերազմի ժամանակ կոտորել» հռետորաբանությունը: Աստված թող հայ ժողովրդին բարգավաճում ու բարօրություն տա: Հավերժ հիշատակ բոլոր զոհերին»:

«Россия 1» հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը երեկ իր հաղորդման ժամանակ հետևյալ հայտարարությունն էր արել.  «Լրանում է Հայոց ցեղասպանության 100 տարին: Մարդկությունն իր փորձով ցույց է տալիս, որ հրաշալիորեն սովորել է վերացնել իր նմաններին՝ վարպետորեն, լկտիաբար և ճարպկորեն:

Արդյո՞ք հայ ազգն առաջինն էր, որը ենթարկվեց նման հրեշավոր հետապնդման: Իհարկե` ոչ: Սակայն ինչո՞ւմն է հայ ժողովրդի մեծությունը: Ժողովուրդը վերապրեց ահավոր ողբերգություն, ոչնչացվեց ավելի քան 1.5 միլիոն մարդ՝ բարբարոսաբար, գազանաբար, դաժանորեն: Քաղաքակիրթ աշխարհը դա չնկատեց, քաղաքակիրթ աշխարհը դրա վրա թքած ունեցավ և շարունակում է թքած ունենալ՝ հրաժարվելով ընդունել ցեղասպանությունը»:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը գրել է. «Այսօր մենք Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք՝ հարգելով 1915թ. տեղահանման եւ սպանությունների հետեւանքով ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը»: Նշենք, որ նա գտնվում է Ծիծեռնակաբերդում:

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոման Համարբերգն էլ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անվիճելի է:

«Եթե ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան գոյություն ունենար 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կդիտարկվեին որպես ցեղասպանություն»,- նշել է նա:




Լրահոս