«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Իջեւան քաղաքում տարածված լուրերի համաձայն՝ Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնի մի քանի հավակնորդ կա: Սակայն «Ժողովուրդ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով` անտառտնտեսության ղեկավարի նշանակման հարցն արդեն լուծված է, առաջիկայում այդ պաշտոնում նշանակվելու է Գրիշա Սարգսյանը:
Վերջինս Իջեւանում հայտնի է Մորմոնջանց Գրիշա անունով: Նրանց տոհմին Մորմոնջանց են կոչում մրջյունների նման աշխատասեր լինելու պատճառով: Գրիշա Սարգսյանը 2005թ. եղել է Իջեւանի քաղաքապետի թեկնածու, սակայն ընտրություններում զիջել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Գ. Սարգսյանը նախկինում զբաղվել է փայտի վերամշակմամբ, այժմ այդ բիզնեսով չի զբաղվում: Հիշեցնենք, որ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանի պաշտոնանկության պատճառը մեծածավալ ապօրինի անտառհատումների վերաբերյալ բացահայտումն էր:
ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի ապօրինի անտառահատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար որպես կաշառք խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի բաժին: Այստեղ ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով (Յուրացնելը կամ վատնելը), 296 հոդվածի 1-ին մասով (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 312 հոդվածի 2-րդ մասով (Խոշոր չափերով կաշառք տալը): Հավանական է, որ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը վերջին հոդվածով ներգրավվի որպես մեղադրյալ: Այս քրեական գործով առայժմ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ է «փայտի բիզնեսմեն» Սամվել Ստեփանյանը կաշառքի մասին հայտարարություն տվել (ինչը նշանակում է, որ նա այլեւս հազիվ թե կարողանա զբաղվել այդ գործով), եւ հայտարարությունը տվել է ոչ թե Տավուշի մարզի իրավապահներին, այլ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն: Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների դեմ խիստ պայքար հայտարարեց: Զարմանալի է, թե անցյալ տարի հատված 105 ծառերով բեռնված «Ուրալով» Սամվել Ստեփանյանը ինչպե՞ս է բազմիցս հաղթահարել Տավուշի մարզի ավտոճանապարհները` այդպես էլ չհանդիպելով մարզի ոստիկաններին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ